«Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ
Երևան Սիթիի անվտանգության պետի՝ Արման Մանուկյանի կողմից ենթարկվել եմ ֆիզիկական բռնության, դիմել եմ ոստիկանություն, ոստիկանությունը պատշաճ ձևով չի արձագանքել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևան Սիթիի աշխատակից Արկադի Ղազարյանը, ով արդեն 1 տարի է աշխատում է «Փակ շուկա»-ի Երևան Սիթի սուպերմարկետում որպես անվտանգության աշխատակից:
«Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10:30, անիմաստ քաշքշուքի մեջ եմ եղել, աշխատանքային համազգեստով եմ եղել, ինձ զանգել են՝ ասել են իջիր ներքև, իջել եմ ավտոկայանատեղի, 20 րոպե աշխատանքից ուշանալուս համար սկսեց քաշքշելը: Քաշքշուք է տեղի ունեցել, ինքն ինձ մի քանի անգամ հարվածել է, կամերաները նկարել են, մի քանի անգամ ապտակել է, քաշքշել, 2 անգամ էլ հարվածել է գլխիս: Դեպքից 1-1,5 ժամ հետո դիմել եմ ոստիկանություն, ոստիկանությունը եկել է, ու պատշաճ կերպով չի արձագանքել:
Գնացել ենք բաժին, 1 ժամ անց բաց են թողել, պատշաճ տեղեկություն էլ չեն տալիս դեպքի մասին: Արման Մանուկյանը այս պահին էլ աշխատանքի մեջ է, միայն այդ օրն է 1 ժամով գնացել ոստիկանություն, դրանից հետո չեն կանչել: Վստահ եմ, որ ոստիկանությունը այժմ չի զբաղվում այդ հարցով»,- հայտնել է նա:
ՆԳՆ-ից մեզ հայտնեցին, որ գործի ընթացքից տեղեկանալու համար ահազանգ տվողը պետք է մոտենա ոստիկանական բաժանմունք, որտեղ տվյալ գործով զբաղվում են:
Կապ հաստատեցինք նաև ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ դեպքի շուրջ ոստիկանությունը հաղորդումը ստացել է, հաղորդումը փոխանցել է քննչական կոմիտե:
