«Հրապարակ»․ Ինձ համար նման մարդու ձեռքը սեղմելն անգամ անպատվաբեր կլիներ

 

 Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին եւ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Լեւոն Պետրոսյանին, որը հանրությանը հայտնի է նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով։ Նա է Վարդան Ղուկասյանին ամիսներով պահել կալանքի տակ եւ միայն վերջերս, երբ հարցաքննվել էին բոլոր վկաները, խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով։

Նշենք, որ Ալեքսան (Ալիկ) Ալեքսանյանը 2026 թ. հունիսի 3-ից կալանավորված է, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել են բացակայելու արգելք ու 1 միլիարդ դրամի գրավ։ Ըստ մեղադրանքի՝ Ալեքսան Ալեքսանյանը Նարեկ Կարապետյանի եւ այլ անձանց հետ ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր կազմակերպություն, որի նպատակն է եղել ապօրինի ճանապարհով ազդել 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վրա՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ձայներ ապահովելու համար։ Մեղադրական եզրակացությունը կարդացողը հասկանում է, որ քննիչները «հանցավոր կազմակերպություն» են անվանել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը եւ քաղաքական գործունեությունը քրեականացրել են:

Իրավապահների վարկածով՝ «Մեր ձեւով» ՀԿ-ի միջոցով, հավաքներին եւ ընտրական գործընթացներին մասնակցելու համար քաղաքացիներին նյութապես շահագրգռել են, իսկ կազմակերպությունն օգտագործվել է կուսակցության նախընտրական գործունեության համար, եւ դրա հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, իսկ Ալեքսանյանը, Կարապետյանը եւ այլ անձինք կատարել են նաեւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Թե՛ Ալեքսան Ալեքսանյանը, թե՛ Նարեկ Կարապետյանը առաջադրված մեղադրանքները չեն ընդունում, ասում են, որ իրենց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Դատաիրավական համակարգի, իրավապահների վարած քննությունների, տարածած հաղորդագրությունների եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ:

- Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանում» ընդդիմադիր կուսակցություն ունենալը, ընտրություններից առաջ գրասենյակներ վարձակալելը, աշխատակիցներ պահելը եւ նրանց աշխատավարձ տալը, ըստ իրավապահների, հանցավոր գործունեություն է: Ի վերջո` սա ի՞նչ երեւույթ է, եւ ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:

- Ընդդիմադիրների նկատմամբ տոտալ ճնշումներ են, դրանում ոչ մեկս կասկած չունենք, հատկապես, եթե ունենք տրամաբանելու կարողություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անում է ամեն բան՝ ընդդիմադիրների գործունեությանը խոչընդոտելու համար: Մենք ունենք բազմաթիվ օրինակներ: ԲՀԿ-ի հետ արվածը դրա վառ օրինակն էր: Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն գոյություն չունի: Որպեսզի ես կարծիք հայտնեմ կոնկրետ գործի մասին, պետք է գործի մանրամասներին ծանոթանամ, բայց այն, ինչի մասին խոսում են` Նարեկ Կարապետյանի եւ Ալիկ Ալեքսանյանի մասով, չունի հանցակազմի տարրեր, սակայն ես չգիտեմ, թե տվյալ քրեական վարույթում ինչ փաստական տվյալներ ունեն, գուցե ցուցմունքներ կան, որոնց մասին ես չգիտեմ, սակայն այն, որ իշխանություններն ամենաբիրտ կերպով քրեադատավարական գործիքակազմի ամենամեծ չարաշահումներով միջամտում են ընդդիմադիրների գործունեությանը՝ փորձելով դադարեցնել նրանց աշխատանքը, դրանում կասկած չկա:

- Փաշինյանն ասում է, որ ընդդիմադիր առաջնորդները պետք է թոշակի հույսին մնան, աչքները չպետք է հեռախոսի էկրանից կտրեն, ամեն ամսվա առաջին օրը սպասելով, թե երբ կստանան թոշակի մասին հաղորդագրությունը: Նա ասում է, որ իր բոլոր քաղաքական հակառակորդները պետությունը թալանել են եւ պետք է բանտարկվեն:

- Այդ բոլորը քաղաքական հայտարարություններ են: Նա զբաղված է իր աթոռը պաշտպանելու գործով: Այս մարդու համար իշխանությունն ու աթոռը կյանքից, հայրենիքից թանկ են: Ցանկացած մարդ կողմնակից է, որ պետությանը վնաս պատճառած ցանկացած քաղաքացի առնվազն այդ միջոցները վերադարձնի պետությանը եւ քրեական պատասխանատվության ենթարկվի, սակայն այստեղ խնդիրն այն է, թե որքանով են այդ մարդու ասածները հիմնավորված, եւ երբ է հիշում այդ մասին: Մենք տեսնում ենք, որ ով ծառայում է իրեն, նա չի հիշում, որ տվյալ մարդը թալանով է զբաղվել, սակայն բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր գործունեությամբ են սկսում զբաղվել, հիշում է հանկարծ: Նիկոլ Փաշինյանի ասածների տակ չկա իրավականություն, նրա ասածների տակ չի կարելի իրավունքի տարրեր փնտրել: Նրա ցանկացած խոսք բխում է իր աթոռի շահերից:

- Իսկ իրավապահները չունե՞ն կամք:

- Իրավապահներն ունեն մեկ ճանապարհ` չաշխատել առհասարակ, հակառակ դեպքում չեն կարող չկատարել այդ մարդու հանձնարարությունները: Ինձ համար նման մարդու ձեռքը սեղմելն անգամ անպատվաբեր կլիներ: Սա խայտառակություն է: Հատկապես, երբ տեսնում ես, թե ինչպես է իրեն պահում Ալիեւի դիմաց կանգնած, հասկանում ես, թե ինչ տեսակ խայտառակության հետ գործ ունես: Բայց ցանկացած մարդ պետք է գիտակցի, որ գալու է պատասխան տալու ժամանակը: Ուստի ոչ թե Նիկոլ Փաշինյանի հրամաններով պետք է շարժվել, այլ պետք է գործել օրենքի տառին համապատասխան:

 

դիտվել է 604 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am