Քյոլնում հարձակումները նախապես ծրագրված են եղել
Ամանորի շեմին Քյոլնում կանանց վրա հարձակումների շարքը եղել է նախապես ծրագրված: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը՝ գրում է RIA Novosti-ն: «Երբ հավաքվում է նման բազմություն՝ հանցագործություն կատարելու համար, պարզվում է, որ դա ինչ-որ կերպ կազմակերպված է եղել: Ոչ ոք չի կարող ինձ ասել, որ դա համաձայնեցված կամ նախապատրաստված չի եղել: Մենք պետք է անհապաղ պարզենք՝ ինչպես են տեղի ունենում նման զազրելի հանցագործությունները»,- ասել է Մաասը: Նա նաև հայտնել է, որ անհրաժեշտ է պարզաբանել կապերը, որոնց շնորհիվ բազմաթիվ հանցագործությունները կատարվել են միաժամանակ:
