Իրաքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի առաջնորդի տեղակալը
Իրաքի արևմտյան Անբար գավառում իրաքյան օդուժի ավիահարվածների արդյունքում սպանվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդի տեղակալը: Այս մասին գրում է TASS-ը՝ հղում անելով Իրանի Press TV հեռուստաալիքին: «Իրաքի ռազմաօդային ուժերի հարվածների արդյունքում արևմտյան Անբար նահանգի Բարվանի շրջանում սպանվել է ԴԱԻՇ-ի հիերարխիայի երկրորդ դեմքը՝ Ասսի Ալի Նասեր ալ-Օբեյդին՝ ԴԱԻՇ-ի պարագլուխ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի տեղակալը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Բարվանի շրջանում ԴԱԻՇ-ի մամուլի քարտուղարի սպանության մասին, թեպետ խմբավորումը չի հաստատել այդ փաստը:
