Ռուսաստանի հույսերը
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը հուսով է, որ Ղազախստանն ու Ադրբեջանը կմիանան նավթի արդյունահանման «սառեցմանը»։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը. «Հուսով ենք, որ ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող ու չհանդիսացող երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, այսինքն այն երկրները, որոնք նավթ արտահանող երկրներ են, կմիանան համապատասխան որոշմանը»։ Հիշեցնենք, որ սրանից առաջ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով Նիգերիայի նավթարդյունաբերության նախարարությանը, հայտնել էր, որ նավթարդյունահանող երկրների հանդիպումը Ռուսաստանում անցկացվելու է մարտի 20-ին։ Ընդ որում, այդ հանդիպմանը պետք է մասնակցեն ինչպես ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող, այնպես էլ՝ չհանդիսացող երկրները։
