Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երևանի Մուրացան փողոցում տեղի ունեցած վերջին աղմկահարույց միջադեպը, որն ուղեկցվել էր 30-ից ավելի կրակոցներով, մեկ անձի սպանությամբ, 15-ամյա պատանու վիրավորումով և դեպքի վայրում չպայթած նռնակի հայտնաբերմամբ, ցավոք, արդեն վաղուց բացառություն չէ: Այն դարձել է մերօրյա հայաստանյան իրականության հերթական սովորական, բայց սահմռկեցուցիչ քրոնիկոնը: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման «իրադարձությունների» պակաս չկա (օրինակ՝ Վաղարշյան փողոցում օրը ցերեկով կրակոցները և այլն): Եթե նույնիսկ վիճակագրական չոր թվերի առումով հանցագործությունների քանակը էականորեն չի տարբերվում նախորդ տարիներից, ինչպես սիրում են հայտարարել պաշտոնական գերատեսչությունները, ապա հանցագործությունների բնույթն ու հանրային ընկալումը կտրուկ փոխվել են: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հանրային տիրույթը ողողված է բացառապես տագնապեցնող ինֆորմացիայով, իսկ շարքային ինֆորմացիա սպառողն այսօր հայտնվել է երկու ծայրահեղությունների արանքում:

 Մի կողմից՝ լրահոսը 24 ժամ ծանրաբեռնված է այս կամ այն անձի՝ հաճախ քաղաքական դրդապատճառներով կալանավորումների ու ձերբակալությունների մասին լուրերով, մյուս կողմից՝ դրան զուգահեռ հանրությանը մշտապես մատուցվում են փողոցային կրակոցների, պայթյունների ու կրիմինալ «ռազբորկաների» մանրամասները:

Այս երևույթների համադրությունը ստեղծում է մի ճնշող մթնոլորտ, որտեղ քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում ո՛չ իրավական, ո՛չ էլ ֆիզիկական առումով: Այս ամենի ֆոնին ակնհայտ տպավորություն է ստեղծվում, որ իրավապահ համակարգն ավելի շատ ներքաշված է քաղաքական գործընթացների սպասարկման, քան կրիմինալի դեմ օպերատիվ աշխատանքի մեջ: Սակայն նման իրավիճակներում ամենահեշտ ճանապարհը ամեն ինչ իրավապահների վրա բարդելն է. լինելով հսկայական, բազմաշերտ համակարգ՝ ավելի հեշտ է կրում հանրային քննադատության հարվածները, քան կոնկրետ քաղաքական որոշումներ կայացնողները: Բայց պետք է օբյեկտիվ և իրատես լինել. իրավապահ համակարգի ներսում ևս մինչև կոկորդները կուշտ են քաղաքականացված գործերից, և այնտեղ յուրաքանչյուրը պարզապես աղոթում է, որ իրենց չմակագրվեն քաղաքական բնույթի թղթապանակներ: Ցավոք, ելնելով իրենց ծառայողական գործառույթներից ու կանոնակարգերից՝ նրանք հաճախ ստիպված են լինում իրականացնել այդ գործառույթը:

Այստեղ պատրանքներ պետք է չունենալ, թե հանուն սկզբունքի կամ վեհ գաղափարների իրավապահները կհրաժարվեն կատարել վերևներից եկող հրահանգները: Փորձը ցույց է տվել, որ հրամանը չկատարողի փոխարեն անմիջապես նշանակվում է մեկ ուրիշը, ով անմնացորդ կատարում է այն: Հետևաբար, պետք չէ սին հույսեր փայփայել, թե իրավապահ համակարգն ինքնուրույն երբևէ դիմադրելու է այս գործերին ու քաղաքական հրահանգներին: Ուժային կառույցները միշտ եղել և մնում են օրվա իշխող քաղաքական ուժի որդեգրած գծի հայելային կրողը: Ահա թե ինչու միասնական հանրային պայքարը պետք է ուղղված լինի ոչ թե ինքնին իրավապահ համակարգի դեմ, այլ ընդհակառակը՝ պետք է ամեն ինչ անել նրանց քաղաքական ազդեցություններից ու միջավայրից զերծ պահելու համար: Թիրախը պետք է լինի կոնկրետ քաղաքական իշխանությունը, որը թիրախավորում է, հրահանգավորում և իրավապահներին դրդում է զբաղվել իրենց համար ոչ կոմպետենտ ու ոչ հարազատ գործերով: Այս հարցում համակարգին մենակ չթողնելն ու քաղաքական հրահանգների կապանքներից ազատելուն նպաստելը նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնային անելիքն է:

Այս ամենի հետևանքով երկրում ձևավորվում է ծայրահեղ ծանր և թունավոր սոցիալական միջավայր, որտեղ մարդիկ ապրում են մշտական սթրեսի, անորոշության և վախի մթնոլորտում: Երբ հասարակությունը դադարում է վստահել իրավապահների՝ իրեն պաշտպանելու ունակությանը և տեսնում է միայն քաղաքականացված արդարադատություն, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը հավասարվում է զրոյի: Այսպես շարունակվել չի կարող, և երկրում օդ ու ջրի պես անհրաժեշտ է արմատապես փոխել հոգեբանական ու սոցիալական մթնոլորտը: Իշխանությանը պետք է պարտադրել բացառել իրավապահների վրա ճնշումները քաղաքական նպատակներով և թույլ տալ, որ նրանք վերադառնան իրենց բուն առաքելությանը՝ հանցագործությունների կանխմանը, փողոցներում անվտանգության ապահովմանը և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ իրական պայքարին: Հանրությունը կարիք ունի կայունության և անվտանգության զգացումի, այլ ոչ թե ամենօրյա տեռորի՝ քաղաքական հաշվեհարդարների և քրեական պատերազմների տեսքով: Շարքային քաղաքացին արժանի է ապրելու անվտանգ, կանխատեսելի երկրում, որտեղ փողոց դուրս գալիս ստիպված չի լինի մտածել պատահական փամփուշտի կամ չպայթած նռնակի զոհ դառնալու մասին, իսկ այդ փոփոխությունը պետք է սկսվի համակարգային մոտեցումների վերանայումից՝ քաղաքական նպատակահարմարությունը զոհաբերելով հանուն հանրային անվտանգության:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 473 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am