TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ Երևանը հույս է դնում ամերիկյան կողմի պատրաստակամության վրա։

Սակայն ցանկացած խոշոր տարածաշրջանային նախագիծ կենսունակ է միայն այն դեպքում, երբ հաշվի է առնում ոչ միայն անմիջական մասնակիցների, այլև տարածաշրջանի առանցքային դերակատարների՝ Իրանի և Ռուսաստանի անվտանգային շահերն ու ընկալումները։

Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հստակ ներկայացրել է Թեհրանի մտահոգությունները։ Նրա խոսքով՝ հայ-իրանական հարաբերությունների օրակարգային առաջնահերթություններից են TRIPP-ից բխող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների կանխումը։

Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք, մի կողմից, Հայաստանին հնարավորություն կտան լիարժեք իրացնել ապաշրջափակման ներուժը, իսկ մյուս կողմից՝ կչեզոքացնեն ԱՄՆ-ի ռազմավարական ներկայությունից բխող ռիսկերը և կբացառեն Իրանի անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք։

Այս ձևակերպումները վկայում են, որ Իրանի հիմնական մտահոգությունն այն անվտանգային միջավայրն է, որը կարող է ձևավորվել նախագծի իրականացման արդյունքում։ Այս մոտեցումն ունի հստակ աշխարհաքաղաքական հիմքեր։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններից հետո Թեհրանը էապես զգայուն է դարձել սեփական սահմանների հարևանությամբ ամերիկյան ազդեցության ցանկացած ընդլայնման նկատմամբ։ Եթե Թեհրանում TRIPP-ը ընկալվի որպես ԱՄՆ-ի ռազմավարական ներկայության գործիք՝ 99-ամյա իրավունքներով ենթակառուցվածքի տեսքով, ապա դժվար կլինի ակնկալել, որ նախագիծը կընդունվի ներկայիս պարամետրերով։

Ռուսաստանի դիրքորոշումը TRIPP-ի նկատմամբ նույնպես ունի հստակ անվտանգային և աշխարհաքաղաքական հիմքեր, թեև արտահայտվում է ավելի զգուշավոր ձևով։ Մոսկվան նախագիծը դիտարկում է որպես ԱՄՆ-ի ռազմավարական ներկայության ընդլայնում Հարավային Կովկասում՝ իր ավանդական ազդեցության գոտում։ Չնայած 2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն թուլացել են, Մոսկվան դեռևս ունի լծակներ, որոնք կարող են ազդել նախագծի ընթացքի վրա։

Ռուսաստանը պահպանում է ազդեցություն Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի նկատմամբ, ինչը կարող է դառնալ լուրջ գործոն TRIPP-ի երկաթուղային բաղադրիչի իրականացման ժամանակ։ Բացի այդ, ռուսական սահմանապահ ստորաբաժանումները շարունակում են ծառայություն իրականացնել Հայաստան-Իրան սահմանի որոշ հատվածներում, այդ թվում՝ TRIPP-ի հնարավոր անցման գոտու մոտակայքում։ Այս գործոնները թույլ են տալիս Մոսկվային, անհրաժեշտության դեպքում, բարդացնել կամ դանդաղեցնել նախագծի գործնական իրականացումը։

Պաշտոնական արձագանքը դեռևս զգուշավոր-սկեպտիկ է։ Ռուսաստանը խուսափում է Թրամփի անունը կրող նախագծի նկատմամբ բացահայտ առճակատումից, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում արդեն իսկ հնչում են զգուշացումներ Հայաստանի «ուկրաինական ճանապարհով» ընթանալու վտանգների մասին։ Մոսկվան սպառնում է տնտեսական հետևանքներով՝ գազի գների բարձրացում, շուկայի հասանելիության սահմանափակում և հայկական սփյուռքի հետ կապված խնդիրներ։

Այսպիսով, TRIPP-ի ապագան կախված չէ միայն Երևանի և Վաշինգտոնի քաղաքական կամքից։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները շահագրգռված լինեն նախագծի արագ մեկնարկով, դրա իրականացումը հնարավոր չէ պատկերացնել առանց տարածաշրջանային ուժային հավասարակշռության և անվտանգային ճարտարապետության հաշվառման։ Այդ հավասարակշռության կարևոր բաղադրիչներն են Իրանի և Ռուսաստանի անվտանգային շահերը, որոնք անտեսելու դեպքում ցանկացած նախաձեռնություն բախվելու է լուրջ քաղաքական և գործնական դիմադրության։

Հետևաբար, առաջիկա բանակցությունների առանցքային հարցը պետք է լինի ոչ այնքան TRIPP-ի արագ գործարկումը, որքան դրա քաղաքական և անվտանգային վերաձևակերպումը՝ հաշվի առնելով Թեհրանի և Մոսկվայի կարմիր գծերը։ Եթե հաջողվի մշակել այնպիսի մոդել, որը կընդունվի նաև Իրանի և Ռուսաստանի կողմից, նախագիծը կարող է շարունակվել նոր պայմաններով։ Հակառակ դեպքում այն կարող է վերածվել ոչ թե տարածաշրջանային համագործակցության հարթակի, այլ նոր աշխարհաքաղաքական հակասությունների հերթական օջախի։

Իրանի դեսպանի և ռուսական կողմի ազդակները հստակ ցույց են տալիս, որ TRIPP-ի սկզբնական տրամաբանությունն այլևս բավարար չէ։ Տարածաշրջանում ձևավորված նոր ռազմաքաղաքական իրողությունները պահանջում են նախագծի խմբագրում և շահերի նոր հավասարակշռություն։ Հակառակ դեպքում Հայաստանի իշխանությունների շտապողականությունը կարող է բախվել ոչ միայն տեխնիկական, այլև լուրջ աշխարհաքաղաքական հակազդեցության՝ ինչպես հարավից, այնպես էլ հյուսիսից»։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց Քինախնդիր Նիկոլից ավելին սպասել չէր կարելի․ Հայկ Աթոյան Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո» Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին Տիգրան Գաբրիելյանն ազատվել է պաշտոնից Մեքենայի տանիքից դուրս եկած ուղևորի պատճառով վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել Թուրքիա-Եգիպտոս ռազմական կապերը նոր փուլ են մտնում 6 վիրավորներից 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է Հայաստանում չկա քաղաքականություն. միայն բռնություն է․ Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար Էրդողանն ատրճանակներ է նվիրել Մենք ցանկանում ենք աջակցել վրաց ժողովրդին. Կայա Կալաս Աննա Հակոբյանը Եթովպիա է մեկնում՝ վարչապետի աշխատակազմի հաշվին Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը Վանաձորի սպանության փորձի գործով 8 անձի քրեական գործը դատարանում է Արտակարգ իրավիճակ՝ Սևանա լճում Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Վարդան Մինասյանը մեկնաբանել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությունը Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար 24 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am