ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականը լարված ու սկանդալային պայքարում կամային հաղթանակ տարավ Նորվեգիայի նկատմամբ և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am կայքից։
Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում անգլիացիներն առավելության հասան 2:1 հաշվով։
Հաշիվը 36-րդ րոպեին բացեց նորվեգացիների կիսապաշտպան Անդրեաս Շելդերուպը։ Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում անգլիացիների կազմում հավասարությունը վերականգնեց Ջուդ Բելինգհեմը: Այս գոլը մեծ դժգոհությունների տեղիք տվեց. նորվեգացի ֆուտբոլիստները պնդում էին, որ իրենց դարպասապահ Էրյան Նյուլանդի հարվածից հետո գնդակը դիպել է մարզադաշտի «սարդ-տեսախցիկի» (spider-cam) ճոպանին, ինչից հետո հայտնվել է անգլիացիների մոտ, որոնք էլ անմիջապես սկսել են գոլային գրոհը։ Չնայած բողոքներին՝ ֆրանսիացի գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը որոշեց վավերացնել դարպասի գրավումը։
Երկրորդ խաղակեսում կրքերը շարունակեցին բորբոքվել։ 55-րդ րոպեին նորվեգացի պաշտպան Տորբյորն Հեգեմն անկյունայինի խաղարկումից հետո գնդակն ուղարկեց Անգլիայի դարպասը, սակայն Տյուրպենը VAR համակարգի միջամտությունից և կրկնապատկերը դիտելուց հետո չեղարկեց գոլը՝ արձանագրելով, որ փոխանցման պահին Էրլինգ Հալանդը խախտել էր կանոնները Էլիոթ Անդերսոնի նկատմամբ։
Հաղթողին պարզելու համար պահանջվեց լրացուցիչ ժամանակ: 93-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմը, դառնալով դուբլի հեղինակ, առաջ մղեց Անգլիային: Քիչ անց՝ 99-րդ րոպեին, գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց Նորվեգիայի դարպասին (Օսկար Բոբի կողմից Ջեդ Սպենսի նկատմամբ թույլ տված խախտման համար), սակայն կրկին դիմելով VAR-ի օգնությանը՝ չեղարկեց իր իսկ կայացրած որոշումը:
Այս խաղում դառնալով դուբլի հեղինակ՝ Բելինգհեմն իր արդյունավետ գործողությունների քանակը խոշոր մրցաշարերում (ԱԱ և ԵԱ) հասցրեց 12-ի (9 գոլ, 3 գոլային փոխանցում)՝ հավասարվելով անգլիական ֆուտբոլի լեգենդ Գարի Լինեկերին։ Ավելի բարձր ցուցանիշ անգլիացիների կազմում ունեն միայն Հարի Քեյնը (25) և Դևիդ Բեքհեմը (14)։
Հիշեցնենք, որ նախորդ փուլում նորվեգացիները 2:1 հաշվով տպավորիչ հաղթանակ էին տարել Բրազիլիայի նկատմամբ, իսկ Անգլիան լարված խաղում 3:2 հաշվով ուժեղ էր գտնվել Մեքսիկայից:
ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Անգլիայի ազգային հավաքականը կմրցի Արգենտինա – Շվեյցարիա զույգի հաղթողի հետ։
