Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում՝ նախագահական համալիրում, Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Անկարան և Վարշավան նպատակ ունեն երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 15 միլիարդ դոլարի։
Էրդողանի խոսքով՝ Լեհաստանը թուրքական շինարարական ընկերությունների առավել ակտիվ գործունեություն ծավալող երկրներից մեկն է։ Նա ընդգծել է նաև, որ երկկողմ հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։
«Անցյալում կարևոր համագործակցություններ ենք իրականացրել՝ թե՛ անօդաչու թռչող սարքերի, թե՛ այլ նախագծերի շրջանակում։ Որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրներ՝ մենք շարունակում ենք սերտ համագործակցությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Թուրքիա–ԵՄ հարաբերությունները և միջազգային օրակարգի արդիական հարցերը։ Նա ընդգծել է, որ Անկարան պատրաստ է ԵՄ-ի հետ համագործակցությունը զարգացնել փոխադարձ շահերի հիման վրա և շնորհակալություն հայտնել Լեհաստանին՝ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացին ցուցաբերած աջակցության համար։
Նա նշել է նաև, որ հուլիսի 7-8-ին Անկարայում նախատեսվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համատեքստում կարևոր է, որպեսզի եվրոպական դաշնակիցներն ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն անվտանգության հարցերում։
Անդրադառնալով միջազգային զարգացումներին՝ Էրդողանը հայտնել է, որ կողմերը քննարկել են նաև Իրանի շուրջ իրավիճակը և ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղության կարևորությունը։
Նա նաև հայտնել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Լեհաստանը կշարունակի աջակցել պաղեստինա-իսրայելական հակամարտության երկու պետության սկզբունքով կարգավորման գաղափարին։
Ermenihaber
