Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը. Ազատություն
Ո՞վ կղեկավարի օգոստոսին ձևավորվող նոր խորհրդարանը. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում առանցքային պաշտոնի շուրջ ինտրիգն առաջիկա օրերին կհանգուցալուծվի:
«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում են երեք ինքնառաջադրված թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Կարա վարչապետի կարծիքը նշանակություն ունենա, կարա իմ կարծիքը նշանակություն ունենա, ցանկացածի կարծիքը կարա նշանակություն ունենա. քննարկում է, դեբատ է, մարդիկ խոսելու են, լսելու ենք, քննարկելու ենք որոշում կայացնենք, ընտրություն է, կարճ, կոնկրետ, հստակ, պարզ», - ասաց ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը:
Ինքնառաջադրումների փուլն ավարտվել է երեկ, բայց ներկուսակցական քվեարկության հստակ օրն ու ձևաչափն այս պահին դեռ հայտնի չեն։ Պարզ չէ՝ վարչությունն ընտրությունը կատարելու է բաց, թե՞ փակ, գաղտնի քվեարկությամբ։ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի փոխանցմամբ՝ այսօր երեկոյան նախատեսված նիստում կուսակցությունը կհստակեցնի կանոնները:
Առաջադրված եռյակից Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագրի» հնաբնակներից են, մինչդեռ Հայկ Կոնջորյանն իշխող ուժին է միացել 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Մինչ այդ նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ էր, և այն ժամանակ մամուլում պնդումներ կային, թե նրա տեղափոխությունը դեպի «Իմ քայլը» դաշինք հովանավորել է հենց Ալեն Սիմոնյանը։
Սեպտեմբերին տեղի ունեցած ներկուսակցական ընտրություններում երեքն էլ ընտրվել են ՔՊ վարչության անդամ՝ ստանալով համապատասխանաբար 527, 606 և 648 ձայն։ Չնայած Կոնջորյանն այն ժամանակ կուսակիցների շրջանում ավելի շատ քվե էր ստացել, քան Սիմոնյանն ու Ռուբինյանը, սակայն «Ազատության» աղբյուրները փոխանցում են՝ վարչության ներսում կայանալիք քվեարկությունում նրա ընտրվելու շանսերն այս պահին այնքան էլ բարձր չեն:
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
