Մոսկվան Երևանին բողոքի նոտա է հղել Գյումրիում Հայրենական մեծ պшտերազմի հերոսների հուշահամալիրի պղծմшն կապակցությամբ. Զախարովա
Մոսկվան Երևանին բողոքի նոտա է հղել Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշահամալիրի պղծման կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս սրբապիղծ արարքը ոչ թե պարզապես խուլիգանություն է, այլ նպատակաուղղված հարձակում մեր երկրների համար ընդհանուր պատմական հիշողության վրա և Մեծ հաղթանակը պղծելու փորձ։ Իհարկե, մենք բողոքի նոտա ենք հղել հայկական կողմին»,- ասել է դիվանագետը։
Զախարովան նաև մատնանշել է հայկական լրատվամիջոցների փորձերը՝ Գյումրիում հուշահամալիրի պղծման պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա՝ դրանք անվանելով ստոր սուտ։
«Նկատել ենք հանրապետության իշխանությունների հետ կապված որոշ տեղեկատվական ռեսուրսների փորձերը՝ միջադեպը ներկայացնել որպես դիտավորյալ սադրանք, դուք չեք հավատա՝ ում կողմից, ռուսական կողմի»,- նշել է դիվանագետը։
«Պետք չէ ոչինչ հորինել, որ իբր մենք կարող էինք նման բան հրահրել կամ անել։ Ոչ, այդպես չէ։ Դա ճշմարտություն չէ։ Դա սուտ է՝ ստոր և, ակնհայտորեն, հենց տեղում հորինված։ Այս ամենը բանականության սահմաններից դուրս է, պարկեշտության մասին էլ չեմ խոսում»,- հավելել է Զախարովան։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ի գիշերն անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Անհայտ անձինք պոկել ու գողացել են համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անունների ոսկեգույն տառերը։
