Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները շարունակում են ռմբակոծել Լիբանանի հարավային շրջանները․ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 58 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):
«Մարտի 2-ից մինչև հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է 3884-ի, վիրավորներինը՝ 11856-ի», – նշված է Լիբանանի առողջապահության նախարարության հունիսի 18-ի հայտարարության մեջ։
Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին ներկայում իրենց հարվածները կենտրոնացնում են Նաբատիե քաղաքի և նրա շրջակայքի, ինչպես նաև Իկլիմ աթ-Թուֆֆահ շրջանի վրա, որտեղ գործում են «Հեզբոլլահ»-ի աշխարհազորայինները։ Փրկարարական խմբերը շարունակում են մաքրել ավերակները մի քանի շրջանում, զոհերի թիվը կարող է աճել։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ իսրայելական բանակը հայտնել է, որ 29-ամյա զինվոր է զոհվել հունիսի 17-ին Լիբանանի հարավում «մարտական գործողությունների ժամանակ»։
Նշվում է, որ նույն հարձակման ժամանակ ևս երեք զինվոր ստացել են միջին ծանրության վիրավորումներ և տարհանվել են բժշկական օգնություն ստանալու համար, ևս չորսը թեթև վիրավորումներ են ստացել։
Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։
Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։
