Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը

Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

14.06.2026թ.

«Զողորմութիւն կամիմ եւ ոչ զզոհ»։

«Ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ»։

(Մտթ․ ԺԲ 7)

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Մարգարեի ձայնը, առաքյալի խրատը և Քրիստոսի խոսքը այսօր միահյուսվում են մեկ պատգամի մեջ. Աստծո առաջ վճռորոշը ոչ թե այն է, թե մարդն ինչպիսի կրոնական տեսք ունի, այլ թե ինչպիսին է նրա ներաշխարհը։ Աստված կարող է մերժել զոհերը, անտեսել աղոթքները և դատապարտել արտաքին բարեպաշտությունը, եթե դրանց ետևում չկան արդարություն, սեր և ողորմություն։

«Ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ». այս աստվածային պատգամը հնչում է մարգարեի շուրթերով և նույն սրությամբ կրկնվում Տեր Հիսուսի կողմից Ավետարանում։ Փարիսեցիներին ուղղված այս զգուշացումը մի վտանգի մասին էր, որը բնորոշ է նաև մեր ժամանակներին ու կյանքին. հավատքը կարող է վերածվել արտաքին սովորույթի, պաշտամունքը՝ ձևականության, իսկ Աստծո հետ կենդանի հաղորդությունը՝ կրոնական անհոգի պարտականության։

Եսայի մարգարեի այս խոսքերը դատավորի վճիռ չեն, այլ վիրավորված Հոր հառաչանք. «Զավակներ ունեցա և մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին»։ Աստված այստեղ խոսում է որպես Հայր, որ սիրում, խնամում և մեծացնում է իր զավակներին, բայց փոխարենը հանդիպում է անտարբերության։ Այդ ցավն ավելի խորն է դառնում հետևյալ խոսքերում. «Եզն իր տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելն ինձ չճանաչեց» (Ես․ Ա 2-3)։

Այս միտքը զարմանալիորեն արդիական է նաև այսօր։ Մարդը նվաճում է աշխարհը, բայց հաճախ կորցնում իր հոգին։ Գիտենք ինչպես կապվել աշխարհի ցանկացած կետի հետ, բայց երբեմն խզում ենք կապն Աստծո հետ։ Տեղեկատվության հոսքի մեջ ապրելով՝ հաճախ մնում ենք առանց աստվածճանաչողության և նրա կամքի գիտության։

Մարգարեն ավելի հեռուն է գնում. «Իմ ինչի՞ն են պետք ձեր բազմաթիվ զոհերը… ձեր տոները։ Ձեր աղոթքները չեմ լսելու, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով» (Ես․ Ա 11, 15)։ Այս խոսքերը ցնցող են։ Ինչպե՞ս կարող է Աստված մերժել աղոթքը։ Պատասխանը պարզ է. երբ մեր կյանքը հակասում է մեր պաշտամունքին, աղոթքը կորցնում է իր իսկությունը։ Աստված երբեք չի մերժում անկեղծ աղոթքը, բայց մերժում է կեղծավորությունը։ Եթե եկեղեցի ենք գալիս, բայց շարունակում ենք ատել, նախանձել, վիրավորել, խաբել, անարդար լինել, ապա մեր հավատքը դառնում է դատարկ ձև։ Աստված չի փնտրում գեղեցիկ ծեսեր՝ առանց վերափոխված սրտի։ Նա փնտրում է սիրտ, որը սովորում է սիրել։ Նա փնտրում է մարդ, որը սովորում է ներել։ Նա փնտրում է հոգի, որը սովորում է ողորմած լինել։

Պողոս առաքյալն իր հերթին հիշեցնում է, որ մարդու ազատությունը Տիրոջ ծառայության մեջ է։ Մեղքը միշտ խոստանում է ազատություն, բայց վերջում ստրկացնում է։ Քրիստոս երբեմն պահանջկոտ է թվում, բայց վերջում ազատություն է տալիս։ Ահա թե ինչու է առաքյալն ասում. «Մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծո շնորհը՝ հավիտենական կյանքը»։

Ավետարանի այսօրվա դրվագում տեսնում ենք հերթական հակամարտությունը Հիսուսի և փարիսեցիների միջև։ Աշակերտները շաբաթ օրով հասկ են պոկում, որովհետև քաղցած են։ Եթե փարիսեցիներն այստեղ տեսնում են օրենքի խախտում, Հիսուս տեսնում է քաղցած մարդկանց։ Սա է ամբողջ տարբերությունը։ Օրենքը տեսնում է կանոնը, Սերը տեսնում է մարդուն։ Փարիսեցիները պաշտպանում են շաբաթ օրը, Հիսուս պաշտպանում է մարդուն։ Փարիսեցիները մտածում են՝ ինչն է թույլատրելի։ Հիսուսը մտածում է՝ ինչն է փրկարար։ Այդ պատճառով էլ ասում է. «Եթե իմանայիք, թե ինչ է նշանակում՝ “Ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ”, անմեղներին չէիք դատապարտի»։

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,

Հիսուս հանգստի պատվիրանը վերադարձնում է իր իսկական նշանակությանը՝ որպես Աստծո գործողության և ներկայության տարածք մարդու կյանքում։ Աստծո հետ հարաբերության իսկական չափանիշը ոչ թե պաշտամունքի արտաքին ձևերն ու կարգերն են, այլ ողորմությունը, որը դրսևորվում է սիրո գործերով՝ հատկապես կարիքավորների հանդեպ։ Հիսուս Մարդու Որդին է, շաբաթ օրվա Տերը։ Նա լիազորված է մեզ հայտնելու, թե ի՛նչ է Աստված կամենում, ինչն է առաջնային և ինչն է երկրորդական։ Իսկ Աստծո համար ամենամեծ արժեքը մարդն է։ Մարդն ավելի կարևոր է, քան տաճարը, և ավելի կարևոր է, քան շաբաթը։ Այն ժամանակվա փարիսեցիները, ինչպես նաև բոլոր ժամանակների «փարիսեցիները», ելնում են առաջին հայացքից ճշմարիտ թվացող մի սկզբունքից. Աստված ավելի բարձր է, քան մարդը, հետևաբար նախ պետք է հոգալ Աստծո պատվի մասին, ապա միայն՝ մարդու բարիքի։ Սակայն այս մտածողության մեջ թաքնված է մի վտանգավոր ենթադրություն. կարծես Աստծո պատիվը կարող է հակադրվել մարդու բարօրությանը։ Մինչդեռ Աստծո փառքը երբեք չի հակասում մարդու կյանքին և երջանկությանը։ Ընդհակառակը, Աստծո փառքը հենց մարդու փրկությունն ու լիարժեք կյանքն է. «Աստծո փառքը կենդանի մարդն է»,- մեկնաբանում է եկեղեցու հայրերից մեկը։

Սիրելինե՛ր,

Շաբաթ օրվա, իսկ մեզ՝ քրիստոնյաներիս համար, կիրակի օրվա ճշմարիտ պահպանումը Աստծո սիրո տոնակատարությունն է՝ Աստծո սիրո՝ մարդու հանդեպ, և մարդու սիրո՝ իր նմանի հանդեպ։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Եթե չես տեսնում Քրիստոսին կարիքավորի մեջ, չես գտնի նրան նաև Սուրբ Սեղանի վրա»։ Սերն ու գթասրտությունը հավատքի իրական քննությունն են։

Կրոնը չի սահմանափակվում օրենքի չոր ու մոլեռանդ պահպանմամբ։ Ճշմարիտ հավատքը Աստծո ողորմության ընդունումն է և փոխանցումն ուրիշներին։ Փարիսեցիները ողորմած չեղան Հիսուսի աշակերտների հանդեպ, որոնք քաղցած էին։ Նրանք տեսան օրենքի հնարավոր խախտումը, բայց չտեսան մարդու կարիքը։ Իսկ Քրիստոս ցույց տվեց, որ քաղցած մարդուն հաց տալն ավելի հաճելի է Աստծուն, քան սիրո պահանջի անտեսմամբ օրենքի տառակերությունը։

«Ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ» խոսքերով Տերը հիշեցնում է, որ ցանկացած կրոնական արարք արժեք ունի միայն այն դեպքում, երբ ծնվում է սիրուց։ Եթե զոհաբերությունը, պահքը, աղոթքը կամ եկեղեցական կարգապահությունը չեն բերում ավելի մեծ սեր, ավելի մեծ ներողամտություն և ավելի մեծ գթություն, ապա դրանք կորցնում են իրենց իրական նպատակը։ Սիրո պատվիրանն այն չափանիշն է, որով գնահատվում են բոլոր մյուս պատվիրանները, հակառակ դեպքում դրանք վերածվում են դատարկ ձևականության։

Ուստի կիրակին մեզ համար ոչ միայն եկեղեցի գալու օր է, այլև ողորմություն ընդունելու և ողորմություն բաժանելու։ Օր, երբ մենք ոչ միայն Աստծուց ենք ողորմություն խնդրում, այլև ինքներս ենք դառնում ողորմության միջոցներ՝ ընտանիքում, հարևանության և ընկերության մեջ, հիվանդների, միայնակների և բոլոր կարիքավորների հանդեպ։ Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է, գթառատ ձեռքը և ողորմած մարդը։ Ահա թե ինչու Քրիստոս այսօր էլ մեզ է ասում. «Ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ»։

Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը թող լինեն մեզ ամենքիս հետ․ ամեն։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. կա 5 տուժած Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Հայաստանը մտնում է ավելի բարդ ու հյուծող ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնում սպասվող եղանակից Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am