Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան
2023-2024թվականներին բարձրագույն կրթության դիպլոմ չունենալու պատճառաբանությամբ ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատանքից ազատեցին շուրջ 1360 ուսուցիչների, որոնցից շատերը երկար տարիների մանկավարժական աշխատանքի հաջող փորձ ունեին։ Այս մասին գրել է Ոսկան Սարգսյանը.
Նույն՝ բուհի դիպլոմ չունենալու պատճառաբանությամբ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատանքից ազատվեց 55 ուսուցիչ։
Տավուշի մարզի հանրակրթական շատ դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքներ առաջացան, որոնք լրացնելու համար հայտարարություններ են տրվել։ Սակայն այդ հայտարարությունների, դրանց հաջոդած մրցույթների միջոցով էլ հնարավոր չեղավ դպրոցներում լրացնել ուսուցիչների թափուր հաստիքները։
Այդ պատճառով Տավուշի մարզի շատ, հատկապես՝ սահմանամերձ, հեռավոր գյուղերի դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերը լրացվում են այլ բնակավայրերից ժամանող ուսուցիչների միջոցով։ Նախկինում ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում էր տրվում այլ բնակավայրերի դպրոցներում դասավանդող ուսուցիչների և այլ բնակավայրերի ավագ դասարաններում սովորող աշակերտների տրանսպորտային ծախսերի համար։ Սակայն 2025թվականի սեպտեմբերից պետբյուջեից այդ գումարների փոխհատուցումները չէին արվում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում եմ արել․« 2025թ․ սեպտեմբերից դադարեցվել է այլ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչներին ու այլ բնակավայրերի դպրոցներ հաճախող աշակերտներին տրանսպորտային ծախսերի պետական բյուջեից փոխհատուցումը։ Ե՞րբ է վերսկսվելու այդ գումարների փոխհատուցումը։ 2026թ․ պետբյուջեով որքա՞ն գումար է հատկացված այդ նպատակով» ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ. նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվել են համալիր ստուգումներ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցումը ժամանակավոր դադարեցվել էր: Ֆինանսավորումն արդեն իսկ վերականգնվել է նախորդ տարվանից՝ բացառությամբ մի քանի խնդրահարույց դեպքերի։
ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1242-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ բոլոր շահառուների համար ԿԳՄՍ նախարարության 2026 թվականի բյուջեում նախատեսված են ֆինանսական համապատասխան միջոցներ»:
