Միջազգային դիտորդը ՀՀ քաղաքացին է, որը չի ընդունում ընտրության արդյունքը
Միջազգային դիտորդներին միշտ էլ խիստ կասկածել եմ։ Աշխարհաքաղաքական խաղ եմ տեսել նրանց առաքելության մեջ։ Մարդիկ էլ, ում հարցնես, նույնը կասեն՝ եկել են, որ իրենց հագով թեկնածուին պաշտպանեն։ Փոքր պետությունների դեպքում այդ գծերը այնքան ակնհայտ են, որ անհնար է թաքցնել։ Մեր դեպքում միջազգային դիտորդ ուղարկող պետություններն անգամ բաց տեքստով խոստովանում էին, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին, ֆինանսապես օգնում են նրա վերարտադրմանը։ Ընտրությունից հետո էլ ականատես ենք լինում տարբեր ղեկավարների հայտարարություններին, որոնք ավելի շատ քաղաքական հաշվետվության են նման, քան շնորհավորանքի։ Պարզ ասում են՝ մենք աջակցել ենք, հիմա սպասում ենք համապատասխան քայլերի։ Ուստի առանձնապես կարևոր չէ, թե ով առաջինը շնորհավորեց, ով վերջինը, կամ ով ինչ բառապաշար օգտագործեց։
Իսկական միջազգային դիտորդը հանրությունն է, ժողովուրդը։ Բավական է հինգ րոպե քայլել փողոցում ու հարցնել՝ գո՞հ ես այս ընտրությունից։ Եթե չհարցնեք էլ, նայեք մարդկանց դեմքերին։ Դա արդեն բավարար ապացույց է, որ հասարակությունը կոտրված է, հիասթափված և խորապես անվստահ։ Հուսահատությունը նրանում է, որ մարդիկ զգում են՝ իրենք մասնակցել են գործընթացին, բայց իրենց կամքը հաշվի չի առնվել։
Ամենածանր վիճակում, սակայն, հենց Փաշինյանն է։ Նա պետք է պատասխան տա բոլոր այն աջակցությունների դիմաց, որ ստացել է դրսից։ Այլևս չունի այն քաղաքական կապիտալն ու վստահության պաշարը, որով նախկինում կարողանում էր առանց լուրջ դիմադրության իրականացնել ամենացավոտ որոշումները՝ լինի Գորիս-Կապան ճանապարհի հարցը, թե Արցախին առնչվող զիջումները։ Նրա իշխանությունը ձևականորեն կարող է պահպանվել, բայց քաղաքական առումով այն արդեն խիստ խոցելի է։ Ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունը չի կարող երկար ժամանակ հենվել միայն արտաքին աջակցությունների վրա։
Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Փաշինյանը հայտնվել է երկու ճնշումների արանքում՝ մի կողմից սեփական ժողովրդի անվստահությունը, մյուս կողմից արտաքին գործընկերների ակնկալիքները։ Եվ որքան խորանա այդ հակասությունը, այնքան ավելի ակնհայտ կդառնա, որ խնդիրը ոչ թե ընտրությունների արդյունքն է, այլ իշխանության լեգիտիմության ճգնաժամը։ Իսկ լեգիտիմության ճգնաժամ ունեցող իշխանությունները սովորաբար չեն պարտվում ընտրությունների օրը. նրանք պարտվում են այն պահին, երբ կորցնում են հասարակության վստահությունը։ Եթե հասարակության մեջ կան կասկածներ, հիասթափություն ու անվստահություն, ապա դրանք հնարավոր չէ չեղարկել որևէ արտաքին հայտարարությամբ։ Վերջնական գնահատականը միշտ տալիս է ժողովուրդը՝ իր վերաբերմունքով, իր հիշողությամբ և իր համբերության չափով։ Իսկ համբերության բաժակը վաղուց է լցվել։ Եվ դա ցույց տվեց այս ընտրությամբ։
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»
