«ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է
Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Սարալանջային փողոցում դեպի ճոպանուղի տանող հատվածում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։
«ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վարորդի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
