Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք»
«Իրավունք»-ը գրում է․ «Ամեն մի ժողովուրդ արժանի է իր կառավարությանը» հայտնի արտահայտությունը մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը։ Մոտ ժամանակներս կստանանք հետևյալ հարցերի պատասխանները. «Ի՞նչին էինք մենք արժանի, կկարողանա՞նք արդյոք խոսել վերածննդի մասին, թե՞ կշարունակենք վախենալ, կորցնել ու ամոթ զգալ նրանց համար, ովքեր ներկայացնում են մեր ազգը։ Ի՞նչ ենք թողնելու մեր երեխաներին ու թոռներին»։ Դա կլինի ոչ թե պարզապես քվեարկություն խորհրդարանում տեղերի համար, դա կլինի մեր երկրի և ամբողջ ազգի հետագա ճանապարհի ընտրությունը։
Գիտնականները պնդում են, որ պատմությունը գիտություն է կյանքի օրենքների մասին, այլ ոչ թե անցյալի (ինչպես կարծում են շատերը): Անցյալի իրադարձությունների մանրամասն ուսումնասիրությունը օգնում է մեզ գտնել շատ հարցերի պատասխաններ այսօրվա կյանքում: Հայաստանի պատմությունը ամենահին, ողբերգական և իրադարձություններով հարուստ պատմություններից մեկն է: Թերևս, գլխավորը, որ առանձնացնում է մեզ, մեր խոր քրիստոնեական արմատներն են: Հենց հավատքի ու հերոսների արիության շնորհիվ մենք պահպանեցինք մեր ազգն ու երկիրը՝ ի տարբերություն ասորիների, քրդերի և շատ այլ ժողովուրդների, որոնք կորցրին իրենց երկիրը կամ ընդհանրապես դադարեցին գոյություն ունենալուց:
Ամեն տարի մայիսի 26-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է մեծ զորավար Վարդան Մամիկոնյանի և նրա 1036 ռազմիկների օրը, որոնք զոհվեցին հավատքի համար ճակատամարտում: Այս տարի նշանակալից ամսաթիվ է. լրացավ այս պատմական իրադարձության ուղիղ 1575 տարին: Վարդան Մամիկոնյանը հայկական զորքերի սպարապետն էր Ավարայրի ճակատամարտի ժամանակ, որը տեղի ունեցավ 451 թվականի մայիսի 26-ին Արտազ գավառի (Նախիջևանից արևմուտք) Վասպուրական նահանգի Տղմուտ գետի ափին։ Դա ճակատամարտ էր հավատքի համար, հայերի քրիստոնյա կոչվելու իրավունքի համար: Մարտի դաշտ դուրս եկան զենք բռնելու ունակ և՛ կանայք, և՛ ծերերը, և՛ երեխաները: Մամիկոնյանի հայկական բանակը կազմում էր 60,000 մարդ, որոնցից 20,000-ը ֆեոդալական զորագնդեր էին, մնացածը՝ քաղաքային աշխարհազոր, ազատ գյուղացիներ և եկեղեցական կալվածքների ծառայողներ: Պարսկական զորքը, Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ, բաղկացած էր կանոնավոր բանակի 214,000 զինվորներից, «անմահների» գնդից, 15 մարտական փղերից և բարբարոսական ցեղերի վարձկան ջոկատներից։ Ճակատամարտին մասնակցել են նաև Վարդանի եղբայրները՝ Հմայակ և Համազասպ Մամիկոնյանները։
Չնայած ապստամբների հուսահատ քաջությանը՝ նրանք ջախջախվեցին թշնամու գերազանցող ուժերի կողմից և, բաժանվելով փոքր ջոկատների, նահանջեցին դեպի անմատչելի լեռնային շրջաններ: Վարդան Մամիկոնյանն ու նրա եղբայրները զոհվեցին մարտում: Պարսկական զորքերը աստիճանաբար ճնշեցին դիմադրության առանձին օջախները, իսկ գերի վերցված մի քանի ապստամբ ղեկավարներ մահապատժի ենթարկվեցին: Սակայն Հազկերտ II շահը, վախեցած ապստամբության վիթխարի ծավալներից, գերադասեց հրաժարվել հայերին բռնի կերպով զրադաշտական դավանափոխելուց, վերականգնեց Հայաստանում ինքնակառավարումը և վերադարձրեց տեղական ազնվականության և քրիստոնյա հոգևորականության արտոնությունները: Այսպիսով, Ավարայրի դաշտում Մամիկոնյանի բանակը, այնուամենայնիվ, կատարեց իր հիմնական խնդիրը. հայերը պաշտպանեցին քրիստոնյա լինելու իրենց իրավունքը: Ավարայրի ճակատամարտը դարձավ հայ ժողովրդի հոգևոր մեծ հաղթանակը:
Հայերը պատմության մեջ ոչ միայն առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն, այլև առաջինը մարտի բռնվեցին քրիստոնեության պահպանման համար և պաշտպանեցին հավատքը, որը հետագայում լայն տարածում գտավ և այսօր ամենամեծաքանակ կրոնն է աշխարհում։
Մենք նշում ենք այս իրադարձությունները ոչ միայն կլոր ամսաթիվ լինելու համար, այլև նրա համար, որ այսօր Հայ առաքելական եկեղեցին կրկին ենթարկվում է հարձակումների, հոգևորականները ձերբակալվում են, միայն թե այս անգամ ներքին թշնամու կողմից՝ ավելի նողկալի ու ցինիկ։ Ներկայիս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հրապարակված նախընտրական ծրագրում առանցքային կետերից մեկը դարձրել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տապալումը և Հայ առաքելական եկեղեցու վերափոխումը։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Հայ առաքելական եկեղեցին, որը 1700 տարվա ընթացքում ենթարկվել է հսկայական քանակի արտաքին սպառնալիքների ու հարձակումների, այսօր ստիպված կլինի դիմակայել ներքին թշնամուն, որը շատ ավելի ճկուն ու նենգ է գործում, քան արտաքինը։ Դիմում եմ բոլոր հայերին, ովքեր ունեն քվեարկելու իրավունք. մի՛ տրվեք կեղծ գայթակղություններին, մենք պետք է միասին պաշտպանենք մեր գլխավոր սրբությունը՝ վերածննդի մեր իրավունքը՝ հիմնված քրիստոնեական հավատքի վրա։ Փաշինյանին աջակցելն այսօր հավասարազոր է Հայ առաքելական եկեղեցուց հրաժարվելուն։
Փաշինյանի կուսակցությանը ձայնը տվող ցանկացած քաղաքացի կամավոր հրաժարվում է Հայ առաքելական եկեղեցուց: Նա այլևս բարոյական իրավունք չունի հաճախելու հայ եկեղեցի, մկրտելու այնտեղ իր երեխաներին, մոմեր վառելու, աղոթելու և պաշտպանություն խնդրելու, եթե ինքը այսրոպեական շահերի համար պատրաստ է մանդատ տալ մեր դարավոր Առաքելական եկեղեցու քայքայմանը:
Անդրադառնալով պատմությանը՝ ցանկանում եմ հիշեցնել ևս մեկ ճակատագրական իրադարձության մասին, որի շնորհիվ հայերը ստացան կյանքի իրավունք, խուսափեցին լիակատար ֆիզիկական ոչնչացումից և դրեցին պետականության հիմքը, որը կորցրել էին մի քանի դար, իսկ ավելի ճշգրիտ՝ 543 տարի առաջ։
Խոսքը Սարդարապատի ճակատամարտի մասին է, որի տարեդարձը մենք ամեն տարի նշում ենք մայիսի 28-ին։ 1918 թվականին Անդրկովկասում քաղաքական իրավիճակը սպառնալից կերպով անկայուն էր։ Ռուսաստանում բոլշևիկների հաղթանակից հետո ռուսական ցարական բանակը լքեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրաված Արևմտյան Հայաստանի շրջանները՝ անպաշտպան թողնելով Կովկասյան ճակատը։ Այս ժամանակահատվածում Հայաստանը և հայ ժողովուրդը կործանման և աշխարհի քարտեզից անհետացման սպառնալիքի տակ էին։
Մայիսի 18-ին թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժեց Արարատյան դաշտ և զավթեց Սարդարապատից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արաքս կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղու գիծը: Հայկական զորքերի երևանյան զորաջոկատի հրամանատար, գեներալ Սիլիկյանը Երևանի պարետ Շահխաթունու ուղեկցությամբ եկավ Էջմիածին: Անվտանգության նպատակով նա առաջարկեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ին տեղափոխվել Սևանի վանք: Կաթողիկոսը պատասխանեց կտրուկ մերժմամբ. «Ասացե՛ք հայ բանակին, թե ես տեղիցս չեմ շարժվում, չեմ թողնում Էջմիածինը։ Եթե մեր զինվորները նրան չեն կարողանում պաշտպանել, և թուրքերը մտնելու են Սուրբ Էջմիածին, իմ դիակը պետք է գտնեն իջման սուրբ վայրում»։ Հայոց պատրիարքը հրամայեց գիշեր ու ցերեկ հնչեցնել զանգերը՝ ժողովրդին կոչ անելով զենք վերցնել ձեռքը: Մարդկանց ներկայությամբ, աղոթելով, նա երդվեց նույնիսկ համընդհանուր նահանջի դեպքում մնալ Էջմիածնում և անձամբ պաշտպանել Սուրբ Աթոռը: Գևորգ Ե Սուրենյանցը դիմեց ժողովրդին. «Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա: Թուրքը, կոտորած ու ավեր փռելով, գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել։ Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սրբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը։ Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չե՛մ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը։ Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ ու կընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չե՛մ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից: Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով։ Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ։ Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը։ Դարեր շարունակ մեր ազգն ապրել է ինքնության համար պայքարելով։ Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չի՛ ունեցել և չի՛ ունենա վերջին վերջակետ։ Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին»։
Եպիսկոպոս Գարեգին Հովսեփյանը (Մեծի Տանն Կիլիկիո ապագա կաթողիկոսը), որը սովորել էր արտասահմանում, Հայաստանում այդ ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն էր։ Հենց նա դիմեց զորքին։ Նրա ելույթը բավական ուժեղ ոգևորեց մարդկանց, որոնց բարոյական ոգին բավականին ցածր էր ստեղծված իրավիճակում։ Թուրքերի դեմ կռվելու ելան ոչ միայն զինվորները, այլև հասարակ գյուղացիները, հողագործները, որսորդները։ Հենց որսորդներն էին այդ ժամանակ լավ դիպուկահարներ։
Սարդարապատի զորաջոկատի գլուխ անցավ Սիլիկյանի տեղակալ Դանիել Բեկ-Փիրումյանը։ Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանը դիմեց աշխատավոր հայ բնակչությանը. «Մենք պետք է կռվենք մինչև վերջ։ Կռվենք և հաղթենք»։ Առաջին ճակատամարտը տեղի ունեցավ մայիսի 22-ին։ Թշնամին դուրս մղվեց Սարդարապատից ու Արմավիրից։ Հաղթանակը ոգեշնչեց հայ մարտիկներին։ Հաջորդող օրերի մեծ ու փոքր հաջողությունները վճռորոշ մարտի հիմքը դարձան, որը պետք է տեղի ունենար մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը։ Թուրքական հրամանատարությունը որոշում ընդունեց օգնական ուժեր ուղարկել Յաղուբ Շևքի փաշայի խմբին (մայիսի 22-26-ի մարտերի ընթացքում թուրքական կորուստները կազմեցին մոտավորապես 3500 մարդ), բայց հայերը հետ մղեցին նրանց օգնության հասնող թուրքերի 5-րդ դիվիզիային։
Թուրքական զորքերին վճռորոշ հարված հասցնելու և ջախջախելու համար հայերը ստեղծեցին հարվածային խմբավորում՝ գնդապետ Կարապետ Հասան-Փաշայանի հրամանատարությամբ։ Շրջանցելով թուրքերին՝ հենց այս խմբավորումը հարվածեց նրանց թիկունքից՝ հնարավորություն տալով հայկական հիմնական ուժերին միաժամանակ սկսել հարձակումը ամբողջ ռազմաճակատի երկայնքով։ Թուրքական զորքերը չկարողացան դիմակայել հայերի բուռն գրոհին և, կրելով մեծ կորուստներ, նահանջեցին։ Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց թուրքերի գերազանցող ուժերի նկատմամբ հայերի լիակատար հաղթանակով։ Հաղթանակ տանելու նպատակը այն ժամանակ համախմբեց հայ հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներին՝ գյուղացիներին, զինվորներին, մտավորականությանը, հոգևորականությանը, արհեստավորներին. ճակատամարտին մասնակցեցին հայկական բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները։ Սարդարապատի ճակատամարտը դարձավ հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության ամենափայլուն էջերից մեկը։ Սարդարապատի հաղթանակը նշանավորեց հայկական պետականության վերականգնումը Հայաստանի տարածքում, Հայկական Հանրապետության կազմավորումը 1918 թվականի մայիսի 28-ին։
Անցել է 106 տարի, և մենք կրկին կանգնած ենք պատմական Հայաստանի ոչնչացման վտանգի առջև, միայն թե այս անգամ արդեն ներսից, այսպես կոչված «Հայաստանի կառավարության ղեկավարների» ձեռքով, որոնք կառավարվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Գործող իշխանությունը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում հաղթանակի դեպքում ծրագրում է «Իրական Հայաստան» նոր պետության ստեղծումը, որը ոչ մի ընդհանուր բան չունի մեր պատմության և երկրի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների հետ: Փաշինյանը «Իրական Հայաստան» է անվանում միայն հանրապետության այսօրվա տարածքը (մասամբ օկուպացված ադրբեջանցի ագրեսորների կողմից)՝ անկախ այն ազգություններից, որոնք կբնակվեն այնտեղ: Նրա կարծիքով՝ երկիրը որոշվում է բացառապես տարածքով, այլ ոչ թե մշակույթով, պատմությամբ և ազգային խորհրդանիշներով:
Այսօրվա իրավիճակը Հայաստանում կրկին պահանջում է ազգային ուժերի ընդհանուր համախմբում թշնամու դեմ։ Եվ ոչ միայն Արցախում բազմադարյան հայկական եկեղեցիները բարբարոսաբար ոչնչացնող և ինքնիշխան Հայաստանի տարածքի մի մասը նենգորեն զավթած արտաքին թշնամու դեմ, որը 2023 թվականին իրականացրեց հայերի ցեղասպանությունը Արցախում, այլև ներքին թշնամու, որը պատրաստ է հանուն իր սեփական իշխանության գնալ ցանկացած զիջման ագրեսորներին՝ դա անվանելով պայքար խաղաղության համար։
Ես խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր ազգի ապագայով և ցանկանում են իսկապես փոխել այսօրվա իրավիճակը, վերադարձնել Հայաստանը բարգավաճման և միասնության ուղու վրա, մի կողմ չքաշված չմնալ։ Մենք հնարավորություն ունենք վերականգնելու հայկական ոգին և ազգային արժեքների նկատմամբ հարգանքը։ Եթե չեք կարող անձամբ գնալ ընտրությունների հունիսի 7-ին, խնդրեք դա անել ձեր ամենամտերիմ ազգականներին կամ ընկերներին։ Կարևոր է յուրաքանչյուր ձայն։
Ես որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման անդամ չեմ և չեմ փաթաթի իմ կարծիքը ձեր վզին, բայց ուզում եմ զգուշացնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բացի, Փաշինյանն ունի նաև աջակիցներ՝ ի դեմս Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության, Գուրգեն Սիմոնյանի «Հայաստանի շնորհապետական կուսակցության», Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, ինչպես նաև Սպարտակ Կյուրեղյանի «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության: Նրանց նպատակը մեկն է՝ մտնել խորհրդարան և միանալ Նիկոլ Փաշինյանին:
Ցանկանում եմ հոդվածն ավարտել Յոհան Վոլֆգանգ Գյոթեի հայտնի աֆորիզմով. «Ունեցվածքդ կորցրիր՝ շատ բան չես կորցնում, պատիվդ կորցրիր՝ շատ բան ես կորցնում, քաջությունդ կորցրիր՝ ամեն բան ես կորցնում»։ Եկեք միասին վերադարձնենք քաջությունն ու ազգային հպարտությունը, որը բնորոշ է հայերին, վերադարձնենք ազգային միասնությունը, որի համար 5000 հայ հերոսներ իրենց կյանքը տվեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմում։
