Եկեղեցին անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և ի շինություն հավատացյալ ժողովրդի. Իսահակ Սրբազան
Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում, «Հրաշափառի» հոգեպարար երգեցողության ներքո, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը հանդիսավոր թափորով մուտք է գործել սրբազան տաճար՝ մատուցելու իր անդրանիկ Սուրբ Պատարագը։
Արարողությանը մասնակցել են Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի հայրեր, թեմի նվիրյալ և բարերար զավակներ և բազմաթիվ հավատացյալներ, որոնք համախմբվել էին աղոթական հոգով՝ բաժանելու պատմական և շնորհառատ օրը։
Հընթացս քարոզի՝ Առաջնորդ Սրբազանը որդիական սիրով և խորին երախտագիտությամբ իր ողջույններն ու հավատարմության հավաստիքն է բերել առ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հորդորելով հավատացյալ ժողովրդին անխախտ հավատքով, նվիրումով և հոգևոր արթնությամբ մշտապես կապված մնալ Հայոց Եկեղեցուն, նրա աստվածահաստատ առաքելությանը և սրբազան արժեքներին, որոնք դարեր շարունակ եղել են մեր ժողովրդի հոգևոր ամրության ու ինքնության անխորտակելի հենքը։
«Ավետարանական խոսքը ոչ միայն քարոզչական հանձնարարություն է, այլև Եկեղեցու ինքնագիտակցության մասին խորը սահմանում, որը բացահայտում է այն ճշմարտությունը, որ Եկեղեցին չի ապրում ինքնանպատակ կերպով, այլ՝ Քրիստոսի համար ու Նրա գոյության մեջ...
Այսօր, երբ Եկեղեցին կանգնած է պատմության հոսքի մեջ, Բարի Հովվի պատկերը կրկին դառնում է այն առանցքը, որի շուրջ ձևավորվում է եկեղեցական ծառայության իսկատիպ իմաստը։ Որովհետև առաջնորդությունը Եկեղեցում երբեք չի կարող ընկալվել որպես իշխանության ձև, այլ որպես մասնակցություն այն սիրուն, որով Քրիստոս Իր կյանքը տալիս է աշխարհի համար... Աստվածային խոսքը լսելը պարզապես տեղեկատվության ընդունում չէ, այլ գոյաբանական բացում՝ մարդու ամբողջ էության՝ Աստծո Խոսքի առաջ։ Այդ պատճառով Եկեղեցու կենտրոնը միշտ լիտուրգիան՝ աստվածպաշտական է, որովհետև այստեղ մարդը դուրս է գալիս ինքն իրենից և կանգնում է Աստծու ներկայության առջև։ Սուրբ Պատարագը ոչ թե մեր կրոնական ինքնարտահայտումն է, այլ Քրիստոսի ընծայաբերումը մեզ համար՝ Նրա Մարմնի և Արյան խորհրդով։ Երբ Եկեղեցու սպասավորները կանգնում են Սուրբ Սեղանի առաջ, նրանք չեն գործում իրենց անունից։ Հայրական ավանդության համաձայն՝ նրանք ծառայում են որպես Քրիստոսի կենդանի անոթներ։ Սա ոչ թե անձնական արժանապատվության բարձրացում է, այլ ամբողջական դատարկում սեփական եսից, որպեսզի միայն Քրիստոս դառնա տեսանելի»...
Օրը Գեղարքունյաց թեմի կյանքում նշանավորվել է նաև մեկ այլ հոգեպարար իրադարձությամբ, քանի որ մայիսի 30-ին լրացել է թեմի հաստատման 30-ամյակը։ Այս առիթով Սրբազան Հայրը իր խոսքում անդրադարձել է Եկեղեցու հավիտենական առաքելությանը՝ ընդգծելով, որ թեև մարդկային հաշվարկներով նշվում են տարեդարձեր և հոբելյաններ, սակայն Քրիստոսի Սուրբ Եկեղեցին վեր է ժամանակի սահմանափակումներից, քանզի նա Աստվածակառույց է, և նրա Գլուխը Ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ուստի Եկեղեցին, սերնդեսերունդ առաջնորդվելով Սուրբ Հոգու շնորհներով, անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և ի շինություն հավատացյալ ժողովրդի։
«Երեք տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել։ Փոխվել են սերունդները, պայմանները, մարտահրավերները։ Բայց Եկեղեցու առաքելությունը մնացել է նույնը՝ մարդուն բացել դեպի ճշմարտությունը։ Ուստի հոբելյանական այս օրը նաև երախտագիտության օր է։ Մենք շնորհակալություն ու գոհություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այս տարիներին եղել են հավատքի համեստ, բայց հավատարիմ մշակներ...»,- նշել է Սրբազանը։
