56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ
Երեկ՝ մայիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Երեմ Մ․-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Բ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել նույն վաշտի պարեկներ Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Սարգսյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի, վարչության պետի տեղակալ Գոռ Թովմասյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
