«Միլիարդների մսխում», «Լենինի դին՝ սուրբ մասունք». Նախընտրական թեժ կրքեր ՌԴ-ում

Նավալնին հրապարակեց հերթական «կոռուպցիոն» հետաքննության արդյունքները Ռուսաստանում նախընտրական պայքար կամաց-կամաց թեժանում է... ՌԴ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ պահանջելով լուծարել «Տարվա հինգերորդ եղանակ» հիմնադրամը, որը կազմակերպում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի քարոզչական արշավը: Հենց այս հիմնադրամն է, ըստ էության, աշխատանքի ընդունում Նավալնիի շտաբերի աշխատակիցներին, նրանց աշխատավարձեր վճարում ու տարածքներ վարձակալում հավաքների համար: Մոսկովյան դատարանը ՌԴ Արդարադատության նախարարության հայցը կքննի մեկ շաբաթից՝ հունվարի 22-ին: Առաջին անգամը չէ, որ Նավալնիի հիմնադրամը հայտնվում իշխանությունների թիրախում: Ամիսներ առաջ էլ Արդարադատության նախարարության աշխատակիցներն արտահերթ ստուգումների համար էին թակել «Տարվա հինգերորդ եղանակի» դուռն ու շաբաթներ շարունակ կաթվածահար արել այդ կառույցի աշխատանքները: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Կրեմլին մոտ կանգնած իրավաբաններից մեկը՝ Իլյա Ռեմեսլոն, ընդդիմադիր գործչին մեղադրել էր ֆինանսական մեքենայությունների մեջ: Մինչ իշխանությունները մեծացնում են ճնշումը Նավալնիի և նրա աջակիցների նկատմամբ, Պուտինի մոլի քննադատ, կոռուպցիայի դեմ իր ծավալած պայքարով հայտնի այս գործիչը Կրեմլին վերաբերող նոր փաստեր ու թվեր է հրապարակում: Հենց այսօր Նավալնիի պաշտոնական կայքում տեղադրված հետաքննությունը պնդում է՝ Ռուսաստանի պահուստային ֆոնդը, որում տարիներ շարունակ կուտակվում էին նավթի վաճառքից ստացված եկամուտները, տարեսկզբին լուծարվել է, դրանում եղած գումարներն էլ՝ անհետացել: Պաշտոնական բացատրության համաձայն, հիմնադրամի հաշվին միջոցներն այնքան քիչ են եղել, որ կառավարությունը նպատակահարմար է գտել դրանք միավորել Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցների հետ: «Այդ դեպքում ու՞ր անհետացան մեր բոլորի նավթադոլարները»,- հարց է հնչեցնում ընդդիմադիր գործիչը, հիշեցնելով՝ դեռ մի քանի տարի առաջ այդ հիմնադրամի հաշվին ոչ ավել, ոչ պակաս՝ 972 միլիարդ ռուբլի կար: Կառավարության հավաստմամբ, դրանց հաշվին ֆինանսավորվել են բյուջեի մի շարք կարևոր ծրագրեր, մինչդեռ, Նավալնիի նոր հետաքննությունը բոլորովին այլ պատկեր է բացահայտում: «77 միլիարդ տրամադրվել է լրատվամիջոցներին, որպես պետական աջակցություն, 108 միլիարդ՝ «Վնեշէկոնոմբանկի» գողերին, բանկ, որը ֆինանսավորում էր կոռուպցիոն ու ակնհայտ անհեռանկար ծրագրեր: Այս գումարները, բնականաբար, որևէ մեկը չի վերադարձրել, վնասն էլ փոխհատուցվել է մեր նավթային եկամուտների հաշվին: 194 միլիարդ ռուբլի, որպես դոտացիա՝ Ղրիմին, 68 միլիարդի սուբսիդիա էլ՝ Ռուսական երկաթգծին: Իհարկե, մենք պարտավոր ենք սուբսիդավորել այս ընկերությունը, չէ՞ որ պատմել ենք, որ պետական այդ ընկերության նախկին տնօրենը առանձնատներ է կառուցել՝ հատուկ մորթե վերարկուների պահեստարանով: Նրան ակնհայտորեն պետք է հավելյալ աջակցություն տրամադրել»,- հեգնում է ընդդիմադիր գործիչը: Սակայն այսքանով Նավալնիի բացահայտումները չեն ավարտվում, վերջինս պնդում է, թե Կրեմլը մսխում է նաև «Ազգային բարեկեցության հիմնադրամի» միլիարդները, որոնցով, ըստ կանոնադրության, պետք է երաշխավորվեր ռուսաստանցիների ապահով ապագան: «Օրինակ՝ 3 միլիարդ դոլար այստեղից մենք որպես աջակցություն տվել ենք Վիկտոր Յանուկովիչին, երբ նա վերջին օրերն էր անցկացնում Ուկրաինայի նախագահի պաշտոնում: Այդ գումարները, հասկանալի է, վաղուց են մոխրացել: Վլադիմիր Պուտինի փեսան՝ Կիրիլ Շամալովը, վարկ է ստացել «Սիբուր» ընկերության համար, որի բաժնետերերից մեկն է: 150 միլիարդ ռուբլի է ստացել Պուտինի ընկեր Գենադի Տիմչենկոն՝ իր ընկերության՝ «Նովատեկի» համար: «Մեր երկրին բարգավաճման պատմական հնարավորություն էր տրված, սակայն մենք այն օգտագործեցինք, որպեսզի Պուտինի փեսային, ընկերներին ու հենց Պուտինին հարուստից դարձնենք շատ հարուստ»,- պնդում է Նավալնին՝ ռուսաստանցիներին կոչ անելով բոյկոտել մարտին կայանալիք նախագահական ընտրությունները: Նավալնիի աջակիցներն այսօր դիմել են Մոսկովյան իշխանություններին՝ հունվարի 28-ին հանրահավաք ու երթ անցկացնելու համար, որի ընթացքում մտադիր են ներկայացել բոյկոտի ծրագիրը: Ընդ որում, Նավալնիի շտաբի հաղորդմամբ՝ իրենք մտադիր են իրազեկման նման երթեր ու հավաքներ անցկացնել ռուսաստանյան 100 մեծ ու փոքր քաղաքներում: Իշխանություններն, իրենց հերթին, մտադիր չեն ձեռքերը ծալած նստել: Դեռ անցած ամիս նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրապարակավ առաջարկել էր իրավապահներին՝ ստուգել, թե որքանով են Նավալնիի հայտարարությունները համապատասխանում ռուսաստանյան օրենսդրությանը: Այսօր արդեն փորձագետները չեն բացառում, որ Կրեմլի հրահանգով ՌԴ խորհրդարանը կարող է արագացված կարգով օրենսդրական փոփոխություններ ընդունել և քվեարկությունը բոյկոտելու կոչերը դարձնել քրեորեն պատժելի, ասենք՝ «ծայրահեղականության դեմ պայքարի» շրջանակներում: Պուտինը կոմկուսի գաղափարախոսությունը համեմատում է քրիստոնեության հետ ՌԴ նախագահ, մարտին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն իր նախընտրական շտաբի մամուլի քարտուղար, լրագրող Անդրեյ Կոնդրաշովի հեղինակած «Վալաամ» ֆիլմում կոմունիստական գաղափարախոսությունը համեմատում է քրիստոնեության, իսկ բոլշևիկյան պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի մարմինը՝ քրիստոնեական սրբերի մասունքերի հետ: Օրերս, ՌԴ դաշնային հեռուստաընկերությունները ցուցադրել են Կոնդրաշովի ֆիլմից հատվածներ, ինչից հետո Պուտինի հիշյալ խոսքը դարձել է երկրում ամենաքննարկվող թեմաներից մեկը: Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի հետագա ճակատագրի հարցը Ռուսաստանում պարբերաբար բարձրացվում ու բուռն վեճերի առարկա է դառնում: Հանրության մի հատվածը համարում է, որ երկիրը չի կարող լիարժեք կերպով զարգանալ, քանի դեռ բոլշևիկյան առաջնորդի դին ցուցադրվում է մայրաքաղաքի կենտրոնում: Ռուսաստանի գործող նախագահն ու արդեն չորրորդ անգամ նախագահական աթոռին հավակնող Վլադիմիր Պուտինը Կոնդրաշովի ֆիլմում նաև ասում է․ «Լենինը դրվել է դամբարանում, ինչո՞վ է նրա մարմինը ուղղափառների կամ պարզապես քրիստոնյաների համար տարբերվում սրբերի մասունքներից: Երբ ինձ ասում են, թե քրիստոնեական աշխարհում նման ավանդույթ չկա, ես հակաճառում եմ՝ գնացեք Աֆոն և նայեք՝ այնտեղ սրբերի մասունքներ կան, և այստեղ՝ Վալաամում Սերգեյի և Հերմանի սուրբ մասունքները կան»: Կոմունիզմը քրիստոնեության հետ համեմատելիս Պուտինը նաև հիշեցնում է․ «Ազատություն, եղբայրություն, հավասարություն, արդարություն, այս ամենը կա Սուրբ գրքում»: Նրա խոսքով՝ կոմունիզմն, «ըստ էության», Աստվածաշնչի պարզունակ տարբերակն է, կոմունիստները նոր բան չեն հորինել: Ռուսաստանի կոմունիստական կուսակցության որոշ ներկայացուցիչներ, մեկնաբանելով Պուտինի այս խոսքերը, նշել են, թե նման հայտարարություններով վերջինս պարզապես ցանկանում է շահել ձախ ուժերի համակրանքն ու համապատասխան ընտրազանգվածի քվեները: Մինչդեռ երկու տարի առաջ՝ 2016 թվականի հունվարին ևս Պուտինը հայտարարել էր, թե կոմունիստական գաղափարախոսությունը նման է քրիստոնեությանը: Նա, մասնավորապես, նշել էր, թե ինքը մոտ 20 տարի հանդիսացել է կոմկուսի անդամ ու թեև կուսակցական գործիչ չի եղել, սակայն, ի տարբերություն ուրիշների, իր կուսակցական տոմսը չի այրել ու մինչ օրս պահում է: Պուտինը քննադատել է ԱՄՆ-ին, խոստացել պատասխան սանկցիաներ Ռուսաստանում նախընտրական քարոզարշավը թևակոխել է ակտիվ փուլ: Թերևս, առավել հագեցած քարոզարշավ է իրականացնում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը․ նա տարբեր հանդիպումներ է ունենում բանվորների, դպրոցականների, մամուլի ներկայացուցիչների հետ։ Դաշնային հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերում այդ հանդիպումները լուսաբանող ռեպորտաժները զգալի տեղ են զբաղեցնում: Պուտինը հանդիպել է ռուսաստանյան մամուլի մի շարք ներկայացուցիչների հետ ու մի շարք ուշագրավ հայտարարություններ արել։ Նա, մասնավորապես, պնդել է, թե հակակոռուպցիոն պայքար իրականացնող ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 2018-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար ԱՄՆ-ի կողմից աջակցություն է ստացել: Ինչպես միշտ, Պուտինն այս անգամ ևս Նավալնիի անունը չի հնչեցրել, նշելով․ «Բացի այդ անձնավորությունից, ում մասին դուք խոսում եք, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այլ մարդկանց նույնպես չի գրանցել, բայց Միացյալ Նահանգները միայն նրա [Նավալնու] համար են մտահոգություն հայտնել, հավանաբար այն պատճառով, որ հենց նրան են ուզում տեսնել Ռուսաստանում որպես իշխանություն: Ավելի լավ է նրանք նման հայտարարություն չանեին, իրենց մատնեցին»,- երեկ հայտարարել է Պուտինը։ Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, հիշեցնենք, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց որպես նախագահի թեկնածու, պատճառաբանելով, թե վերջինս դատվածություն ունի: Նավալնին բողոքարկել է այդ որոշումը ՌԴ Գերագույն դատարանում, սակայն, այդ ատյանում ևս արդյունքի չի հասել: Ընդդիմադիր գործիչն այժմ մտադիր է այդ հարցի առնչությամբ դիմել երկրի Սահմանադրական դատարան: Պաշտոնական Վաշինգտոնը և Բրյուսելն իրենց մտահոգությունն են հայտնել Նավալնիին որպես թեկնածու չգրանցելու կապակցությամբ՝ քննադատելով ՌԴ ԿԸՀ-ի այդ որոշումը: Անդրադառնալով առաջիկա փետրվարից ուժի մեջ մտնող ամերիկյան նոր պատժամիջոցներին, Ռուսաստանի ղեկավարն ասել է՝ կտեսնեն, թե ինչ պատժամիջոցներ են դրանք ու կորոշեն՝ ինչպիսի պատասխան տալ. «Իհարկե այդ պատժամիջոցներն անօրինական են և վատացրել են ռուս-ամերիկյան հարաբերությունները»: Պուտինն անդրադարձել է նաև Սիրիայում ռուսական ռազմաբազաների վրա վերջերս կատարված հարձակումներին, համոզմունք հայտնելով, թե Թուրքիան դրանց հետ կապ չունի: ՌԴ նախագահը խոսել է նաև Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի մասին, մասնավորապես, նշելով, թե վերջինս գրագետ ու հասուն քաղաքական գործիչ է ու հյուսիսկորեական միջուկային ծրագրի շուրջ հակամարտությունից հաղթող է դուրս եկել. «Նա լուծել է իր ռազմավարական խնդիրը, ունի միջուկային զենք, 13 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռ, որը կարող է խոցել ցանկացած կետ իր հնարավոր հակառակորդի տարածքում»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Հիմա լսե՛ք՝ բանակում մահերի մասին ինչ են թաքցնում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ես Աննային ամուսնության առաջարկ եմ անում, ասեմ ինչու․ Վահե Մովսիսյան (video) Նիկո՛լ, Աննա՛, ձեր «Կասանդրա»-ով չլացացնե՛ք․ Հենրիխ Դանիելյան (video) «Ինչպես փոխնախարարը լղոզեց 3 ամիս առաջ Փաշինյանի՝ թոշակառուների մասին հայտարարությունը» (video) Ես ձեզ ասում եմ՝ սա Նիկոլի ժուլիկություններից է․ Սերժ Սարգսյան (video) «Նիկո՛լ, ստում ես․․․ թոշակառունե՛ր, ձեր թոշակը Նիկոլը կարող էր բարձրացնել 30 հազար դրամով» (video) Այո՛, տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյան (video) ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում քննարկել են տնտեսությունը և անվտանգության երաշխիքները Առինջի բնակիչը ահազանգել է․կոտրել են տան պատուհանը, գողացել 9 հազար դոլար․ երկու անձ կալանավորվել է Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ ռшզմական գործողության ավարտի մասին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ Աննա՛, չփորձես խաբել․ գիտենք՝ ուր ես գնում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մենք չպիտի դառնանք աշխարհում առաջին ազգը, ով պետականորեն կընդունի դավաճան Հուդային որպես «նոր բարոյականության» նշաձող. Աշոտյան Նիկոլի էշ խելքից ենք մենք աղքատ, թող մեր վրա չքցի․ հարցում` Ապարանում (video) Դադարեցրե՛ք այս քրեական հետապնդումը․ Սեյրան Օհանյան (video) «Ցեղասպանությունից մազապուրծ 800 հազար հայեր վերադառնալու են Սումգայիթ, Բաքու»․ պահեստազորի գնդապետ (video) Հերիք է ամեն անգամ նիկոլի արածի մեջ ինչ-որ հանճարեղ կոմբինացիաներ փնտրել 8 տարի չարիք բերած զույգը նոր խաղ է սկսում Հայաստանի, հայ ժողովրդի ու հայոց քաղաքակրթության դեմ ԲԴԽ-ին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ. Դատավորների միություն Խորտակվող նավը ժամանակին լքելը ոչ թե դավաճանություն է, այլ սթափ մտածողություն. քաղաքագետ Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին ՀՀ կառավարությունը չի հրապարակում ԱՄՆ-ից արտաքսվածների թիվը Վթար՝ Արագածոտնում, Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Opel» ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն)․ Գեղամյան Դրանց հարցրեք՝ դուք ե՞րբ էիք ամուսնացած եղել․ տեր Ահարոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am