Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի վերջին՝ 30-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Օրենբուրգի» նկատմամբ:
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց Կևին Լենինին, իսկ 63-րդ րոպեին Ջոն Կորդոբան կրկնապատկեց այն: Հանդիպման վերջնամասում՝ 88-րդ րոպեին, Կորդոբայի փոխանցումից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գրավեց մրցակցի դարպասն ու դրեց այս դիմակայության վերջակետը:
Այնուամենայնիվ, այս հաղթանակը բավարար չէր «ցուլերի» համար՝ չեմպիոնության պաշտպանության համար: Զուգահեռաբար ընթացող խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» արտագնա խաղում նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթեց «Ռոստովին»: Այսպիսով, «Զենիթը» վաստակեց 68 միավոր և հռչակվեց Ռուսաստանի չեմպիոն, իսկ «Կրասնոդարը» 66 միավորով մրցաշրջանն ավարտեց երկրորդ հորիզոնականում:
Չնայած թիմային արդյունքին՝ Էդուարդ Սպերցյանն անհատական մակարդակով ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց: 25-ամյա հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին վերցրած մասնակցեց 41 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: Միայն Պրեմիեր լիգայի շրջանակում Սպերցյանն անցկացրած 30 խաղում աչքի ընկավ 13 գոլով և 17 արդյունավետ փոխանցումով:
Armsport
