Բալահովիտում հնչած կրակոցների գործով 5 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի մոտ ապրիլի 22-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին NEWS․am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
«ՀՀ Քննչական կոմիտեի Կոտաքյի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով հինգ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկի նկատմամբ ՀՀ քրեական օրսենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ի մասով, իսկ մյուսների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155–րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,–հայտնել են ՔԿ–ից։
Հարցին այն մասին, արդյոք հավաստի՞ են շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե քրեական վարույթով անցնող անձանցից 3-ը Բելառուսից էին Հայաստան ժամանել, Քննչական կոմիտեից չեն պատասխանել։
