Հրադադարն առաջին քայլն է երկրում կրակի ամբողջական դադարեցմանն ընդառաջ
Սիրիայում գործող հրադադարն առաջին քայլն է երկրում կրակի ամբողջական դադարեցմանն ընդառաջ. հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Դա ընդամենն առաջին քայլն է կրակի ամբողջական դադարեցման համար։ Իրավական տարբերություն կա մարտական գործողությունների դադարեցման ու կրակի դադարեցման միջև։ Վերջինն ավելի կայուն ու լուրջ ռեժիմ է»,-ասել է Լավրովը Փարիզում «Նորմանդական քառյակի» արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում։ 2011 թվականից պատերազմող Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել փետրվարի 27-ից։ Այն չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ խմբավորումների վրա, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական են համարվում։
