143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենն ամբողջությամբ ապաքինվել է ծանր վնասվածքից և ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ Լա Լիգայի 36-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ արտագնա խաղի համար։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 30-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, որի պատճառով բացակայում էր դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 21-ից։ Քրիստենսենը վերադարձել է Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի հայտացուցակ 143 օր տևած դադարից հետո:
Որպես Լա Լիգայի նորընծա չեմպիոն՝ «Բարսելոնան» մեկնում է Վիտորիա՝ «Մենդիսոռոսա» մարզադաշտում անցկացնելու 36-րդ տուրի հանդիպումը: Կատալոնացիները ձգտելու են հաղթանակ տանել՝ 100 միավորի սահմանագծին ավելի մոտենալու համար: Հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 13-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:
Առաջիկա խաղի համար գերմանացի մասնագետը հայտավորել է 23 ֆուտբոլիստի: Հանդիպմանը չեն կարողանա մասնակցել Ռաֆինյան, ով որակազրկված է, և վնասվածք ունեցող Լամին Յամալը։
«Բարսելոնայի» հայտացուցակն ամբողջությամբ՝
Կանսելու, Բալդե, Արաուխո, Կուբարսի, Գավի, Ֆեռան, Պեդրի, Լևանդովսկի, Խոան Գարսիա, Ռեշֆորդ, Քրիստենսեն, Մ․ Կասադո, Ժերար Մարտին, Ռունի, Օլմո, Բերնալ, Կունդե, Էրիկ, Շչեսնի, Էդեր Ալեր, Կորտես, Չավի Էսպարտ, Տոմի։
