ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում կան շատ բարդ հարցեր, սակայն երկու կողմերն էլ ցանկանում են ավարտել պատերազմը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Բանակցություններն ունեն բավականին բարդ կողմեր։ Բայց ես ուզում եմ ձեզ պատմել դրական կողմերի մասին։ Երկու կողմերն էլ իրականում ցանկանում են ավարտել պատերազմը։ Նրանք ցանկանում են բացել Հորմուզի նեղուցը, լուծել արգելափակված նավերի խնդիրը։ Սա է նրանց դիրքորոշումն ու մտադրությունը։ Խնդիրն այն է, թե ինչպես դա ձևակերպել և թղթի վրա ամրագրել, որպեսզի կողմերը կարողանան ընդունել դա։ Ներկայումս կողմերի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է», — ասել է Ֆիդանը Կատարում՝ իր կատարցի գործընկեր Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆիդանի խոսքով՝ «Պատերազմին վերադառնալը միայն կուժեղացնի ավերածությունները»։ «Հորմուզի նեղուցը որպես զենք օգտագործելու գործընթացի կանխումը չափազանց կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության, կայունության և համաշխարհային տնտեսության համար։ Այս առումով մենք աջակցում ենք անվտանգ անցումն ապահովելու և հետագայում ներկայիս իրավիճակին վերադարձը կանխելու բոլոր ջանքերին։ Մենք մասնակցում ենք այդ ջանքերին, և մեր առաջնահերթությունը խաղաղ ու դիվանագիտական լուծումն է», — նշել է Ֆիդանը։
