Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանը ներկայում կանգնած է չափազանց բարդ և բազմաշերտ ռազմաքաղաքական ու տնտեսական երկընտրանքի առաջ, որի էությունը ոչ միայն արտաքին քաղաքական վեկտորների ընտրության, այլև պետական կայունության, տնտեսական կենսունակության և անվտանգային հավասարակշռության պահպանումն է։

Վերջին շրջանում Ռուսաստանի ղեկավարության կողմից հնչող ուղերձները, հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 9-ի հայտարարությունները, ըստ էության, ձևավորում են նոր քաղաքական իրականություն, որտեղ Մոսկվան արդեն ոչ թե ակնարկների, այլ բավականին ուղիղ և կոնկրետ ձևակերպումների միջոցով հասկացնում է, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը դիտարկվում է որպես ռազմավարական վերադասավորման գործընթաց, որը չի կարող մնալ առանց հետևանքների։ Այս համատեքստում հատկապես կարևոր է հասկանալ, որ խոսքը միայն քաղաքական անհամաձայնությունների մասին չէ. հարցը շատ ավելի խորքային է և առնչվում է այն ամբողջ տնտեսական, էներգետիկ, լոգիստիկ և անվտանգային համակարգին, որի վրա տասնամյակներ շարունակ կառուցվել է Հայաստանի պետական և տնտեսական կենսունակությունը։

Ռուսաստանի նախագահի կողմից հնչեցված այն միտքը, թե տրամաբանական կլիներ Հայաստանի քաղաքացիներից հանրաքվեի միջոցով պարզել երկրի հետագա ուղղությունը, առաջին հայացքից կարող է ներկայացվել որպես դիվանագիտական ձևակերպում, սակայն դրա խորքային բովանդակությունը շատ ավելի քաղաքական և ռազմավարական է։ Փաստացի Մոսկվան ցույց է տալիս, որ Հայաստանի՝ միաժամանակ ԵԱՏՄ-ում մնալու և ԵՄ-ին ինտեգրվելու փորձերը դիտարկվում են որպես հակասական և երկարաժամկետ հեռանկարում անհամատեղելի գործընթացներ։ Այստեղ կարևոր է նկատել, որ Ռուսաստանը փորձում է հարցը ներկայացնել ոչ թե որպես ճնշում, այլ որպես «քաղաքակիրթ բաժանման» հնարավոր սցենար, սակայն այդ ձևակերպման ներքո ակնհայտորեն թաքնված է այն ուղերձը, որ ցանկացած նման ընտրություն ունենալու է տնտեսական և քաղաքական հետևանքներ Հայաստանի համար։

Հայ-ռուսական հարաբերություններում նկատվող սառնությունը վերջին ամիսներին չի ձևավորվել, այլ արդյունք է վերջին տարիներին կուտակված անվստահության մթնոլորտի։ Երևանում անցկացված եվրոպական քաղաքական հարթակների գագաթնաժողովը, արևմտյան դերակատարների ակտիվացումը, ինչպես նաև Ուկրաինայի թեմայով հնչող հայտարարությունները Մոսկվայում ընկալվում են ոչ թե որպես բազմավեկտոր դիվանագիտություն, այլ որպես աշխարհաքաղաքական վերադիրքավորման ակնհայտ նշաններ, ինչն ավելի է սրել հակասությունները։ Հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանը գտնվում է Արևմուտքի հետ դիմակայության մեջ, նրա համար նախկին խորհրդային տարածքում արևմտյան ներգրավվածության ցանկացած խորացում ստանում է անվտանգության և ազդեցության պահպանման համատեքստ։ Այսինքն, Հայաստանի քայլերը Մոսկվայում գնահատվում են ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև գլոբալ դիմակայության տրամաբանության մեջ։

Սակայն խնդրի ամենազգայուն կողմը տնտեսական բաղադրիչն է, որովհետև Հայաստանի տնտեսության կառուցվածքն այսօր շարունակում է մեծապես փոխկապակցված մնալ ռուսական և, ընդհանրապես, ԵԱՏՄ շուկաների հետ։ Թվերն այստեղ առավել խոսուն են, քան քաղաքական հայտարարությունները։ Պատահական չէր ՌԴ նախագահի կողմից հնչեցված թիվը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թ. կազմել է 7 միլիարդ դոլար, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, սա բավականին մեծ ցուցանիշ է։ Ու այն պայմաններում, որ Հայաստանի արտահանման շուրջ 38,4 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին, իսկ ընդամենը 7,9 տոկոսը՝ ԵՄ շուկային, ակնհայտ է դառնում, որ տնտեսական ինտեգրման իրական կառուցվածքը շարունակում է մնալ եվրասիական ուղղության վրա հիմնված։

Սա նշանակում է, որ նույնիսկ քաղաքական մակարդակում եվրոպական ինտեգրման մասին ակտիվ խոսույթը դեռևս չի ուղեկցվում համապատասխան տնտեսական վերակառուցմամբ։ Այստեղ ձևավորվում է կարևոր հակասություն՝ քաղաքական հռետորաբանության և տնտեսական իրականության միջև։ Եթե երկրի տնտեսությունը շարունակում է հիմնված լինել ռուսական շուկայի, ռուսական էներգակիրների, ռուսական ֆինանսական հոսքերի և միգրացիոն կապերի վրա, ապա արտաքին քաղաքական կտրուկ վերադասավորումը կարող է առաջացնել տնտեսական հարվածներ, որոնց ազդեցությունը շատ ավելի արագ և շոշափելի կլինի, քան հնարավոր քաղաքական դիվիդենտները։

Վերջին տարիներին արդեն իսկ եղել են ազդակներ, որոնք ցույց են տվել Հայաստանի տնտեսության խոցելիությունը ռուսական ուղղությամբ։ Լարսի անցակետում պարբերաբար առաջացող խնդիրները, սննդամթերքի ստուգումների խստացումը, որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները, ինչպես նաև էներգակիրների մատակարարման շուրջ առաջացող լարվածությունները փաստում են, որ տնտեսական փոխկապակցվածությունը ուղղակի կենսական հարց է դարձել Հայաստանի համար։

Այս ընթացքում ռուսական կողմից տարբեր պաշտոնյաների մակարդակով հնչել են զգուշացումներ, իսկ հիմա դա կատարվում է ընդհուպ նախագահի մակարդակով։ Այս պայմաններում Հայաստանի համար առավել վտանգավոր կարող է լինել ոչ թե հարաբերությունների կտրուկ խզումը, այլ աստիճանական սառեցումը, երբ տնտեսական խնդիրները սկսում են կուտակվել և աստիճանաբար խեղդել բիզնես միջավայրը, ներդրումային վստահությունը և սպառողական շուկան։

Միաժամանակ, անհրաժեշտ է հասկանալ նաև մյուս կողմը։ Հայաստանը չի կարող ամբողջությամբ հրաժարվել Եվրոպայի հետ համագործակցության խորացումից, քանի որ եվրոպական ուղղությունը կարևոր է ինստիտուցիոնալ բարեփոխումների, տեխնոլոգիական զարգացման, կրթության, ժողովրդավարական կառավարման և շուկաների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից։ Սակայն այստեղ առանցքային հարցը ոչ թե «Արևմուտք կամ Ռուսաստան» պարզունակ երկընտրանքն է, այլ այն, թե ինչպիսի տեմպով, ինչ հաշվարկով և ինչ հավասարակշռությամբ է իրականացվում արտաքին քաղաքական վերադասավորումը։ Փոքր պետությունների փորձը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական բարդ միջավայրում առավել կենսունակ են այն երկրները, որոնք կարողանում են վարել ճկուն և բալանսավորված քաղաքականություն՝ խուսափելով կտրուկ բևեռացումներից և պահպանելով հարաբերություններ տարբեր ուժային կենտրոնների հետ։

Հայաստանի պարագայում այս անհրաժեշտությունը առավել ընդգծված է, որովհետև երկիրը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ անվտանգային, տնտեսական և տրանսպորտային համակարգերը փոխկապակցված են խոշոր դերակատարների շահերի հետ։ Եթե արտաքին քաղաքականությունը վերածվում է կտրուկ ճամբարային ընտրության, ապա փոքր պետությունը հաճախ հայտնվում է մեծ ուժերի դիմակայության առաջնագծում՝ չունենալով բավարար ռեսուրսներ այդ ճնշումները հավասարակշռելու համար։ Հետևաբար, Հայաստանի համար առավել ռացիոնալ կարող է լինել ոչ թե կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձը, այլ աստիճանական, հաշվարկված և բազմավեկտոր քաղաքականությունը, որտեղ եվրոպական համագործակցության խորացումը չի ուղեկցվում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմամբ։

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը լիովին դադարեցնի Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը Թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է Իրավունք չունենք Իրանի հետ թշնամանալու․TRIPP-ի ծրագիրը գիտե՞ք՝ ինչպես են գծել․ Քոչարյանը մանրամասնեց (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով Հաղթանակ թաղամասում մեքենան կայանելու շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը Սյունիքը հանձնում է․ ինչի՞ դիմաց․ գնդապետ Վոլոդյա Հովհաննսիսյան (video) «Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am