Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա
Ուկրաինայի ամենամեծ թանգարանային համալիրներից մեկը՝ «Կիևի Սոֆիա» ազգային արգելոցը, գործարկել է պաշտոնական հայալեզու աուդիոէքսկուրսիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AnalitikaUA-ն։
Նշվում է, որ այս իրադարձությունն ունի խորհրդանշական պատմական հիմքեր, որոնց մասին քչերը գիտեն. այս հարուստ պատմությանը, տաճարի հնագույն որմնանկարներին և խճանկարներին հայերենով ծանոթանալու համար կա երկու տարբերակ. առցանց՝ աշխարհի ցանկացած կետից, emuseum.ua պաշտոնական կայքի միջոցով և տեղում՝ սկանավորելով տարածքում տեղադրված հատուկ QR կոդերը:
«Սա հիանալի հնարավորություն է ինչպես Ուկրաինայի հայ համայնքի, այնպես էլ աշխարհասփյուռ հայերի համար՝ սեփական լեզվով բացահայտելու Արևելյան Եվրոպայի կարևորագույն սրբավայրերից մեկի պատմությունը:
Տաճարի պատերին մինչ օրս պահպանվել են հայերենով գրված հնագույն գրաֆիտի-արձանագրություններ:
Աննա Բյուզանդացին (Ծիրանածին), ով սերում էր հայկական ծագում ունեցող Մակեդոնական դինաստիայից, առանցքային դեր է խաղացել Կիևյան Ռուսիայի քրիստոնեացման և մշակութային զարգացման գործում: Որպես Վլադիմիր Մեծ իշխանի կին՝ նա Կիև է բերել բյուզանդական և հայկական ճարտարապետական ու արվեստի ավանդույթները։ Նրա շնորհիվ Կիև ժամանած վարպետները մեծ ազդեցություն են ունեցել տեղական քարե շինարարության հիմնադրման վրա:
Աննա թագուհու պատմական ժառանգությունը սերտորեն կապված է Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարի հետ, որի որմնանկարներում, ըստ հետազոտողների, պատկերված է նրա ընտանիքը: Տաճարի պատերին պահպանված հնագույն հայերեն արձանագրությունները (գրաֆիտի) և դեկորատիվ տարրերը վկայում են հայկական մշակութային ներկայության և այս համաշխարհային սրբավայրում Աննա Բյուզանդացու թողած խորը հետքի մասին:
Այս կապի ժամանակակից խորհրդանիշն է դարձել նաև Ուկրաինայի հայերի միության կողմից տաճարին նվիրաբերված և 2018 թվականին օրհնված հայկական խաչքարը, որն իր արժանի տեղն է զբաղեցրել ազգային արգելոցի գանձարանում՝ մարմնավորելով երկու ժողովուրդների հոգևոր անխզելի կապը»,- գրում է կայքը:
