Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել
Երեկ՝ մայիսի 9-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձանց կողմից ժամը 23։50-ի սահմաններում տղամարդու դի է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են։Քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանն է, ում մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխել Էրեբունի վարչական շրջանի գործող ռեստորանային համալիրներից մեկի մոտից։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից հիվանդանոց են ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն (վրաերթ, հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են, թե ով կամ ովքեր են մահացածի մարմինը տեղափոխել հիվանդանոց, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։Տեղի ունեցածը սպանություն է, մահվան ելքով վրաերթ, թե հանկարծամահություն՝ պարզվում է։
