Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
24News-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձերբակալված անձանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։
Ավելի վաղ կոմիտեի հաղորդմամբ՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի Անի և Մարալիկ համայնքների տարածքային պատասխանատուն, իր մերձավոր ազգականների և այլ անձանց հետ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ գործընթացը քողարկելով նշված անձանց կուսակցության տարածքային գրասենյակներում որպես պատասխանատու կամ ակտիվիստ ձևակերպելու և կաշառք-գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ:
