Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ձանձրացրել է» Իրանի հետ պատերազմը, որը հենց ինքն է սկսել, և նա ցանկանում է դուրս գալ պատերազմից, գրում է The Atlantic պարբերականը։
«Թրամփը շատ է ուզում, որ Իրանի հետ պատերազմն ավարտվի։ Նա բազմիցս հաղթանակ է հայտարարել, այդ թվում՝ մոտ երեք շաբաթ առաջ, երբ Իրանը կարճ ժամանակով բացեց Հորմուզի նեղուցը։ Նա բազմիցս երկարաձգել է հրադադարի ժամկետները՝ փոխանակ իրագործելու իր (երբեմն կործանարար) սպառնալիքները՝ վերսկսելու մարտական գործողությունները։ Այս շաբաթ նրա վարչակազմը հանկարծակի հրաժարվեց նեղուցով նավերն ուղեկցելու փորձից՝ մասամբ այն մտավախության պատճառով, որ դա կարող է հրահրել բռնի, սրացվող բախումներ։
Թրամփը հոգնել է պատերազմից, որը շատ ավելի բարդ ստացվեց և տևեց շատ ավելի երկար, քան նա ակնկալում էր։ Նա չի ցանկանում խրվել մերձավորարևելյան հակամարտության մեջ, ինչպես պատահեց իր նախորդներից մի քանիսի հետ։ Թրամփը չի ցանկանում, որ դա ձախողի հաջորդ շաբաթ Չինաստանում անցկացվելիք իր կարևոր գագաթնաժողովը։
Սակայն, թվում է, Իրանը չի ցանկանում, որ պատերազմն ավարտվի։ Կամ, առնվազն, ոչ ամերիկյան բանակցողների համար ընդունելի արդյունքով։
Թրամփն այժմ դժվարին կացության մեջ է։ Ինչպես պատմել են նրա հինգ օգնականներն ու խորհրդականները, ԱՄՆ նախագահը համոզված է, որ կկարողանա ցանկացած համաձայնություն ներկայացնել որպես հաղթանակ։ Վաշինգտոնը դեռ սպասում է Իրանի պատասխանին վերջին առաջարկի վերաբերյալ՝ մի էջանոց փոխըմբռնման հուշագրի, որն ավելի շատ նման է հրադադարի ռեժիմի երկարաձգման, քան հակամարտության դադարեցման մասին պայմանագրի»,- գրում է The Atlantic-ը։
