Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները
Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաքին՝ ապրիլի 16-ին հաստատված հրադադարից ի վեր առաջին անգամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Իսրայելական ուժերը Բեյրութի հարավային արվարձաններում, մասնավորապես՝ Հարեթ Հրեյք շրջանի մոտակայքում, ռազմանավից 3 հրթիռով թիրախավորել են բնակելի շենք։ Բեյրութի հարավային արվարձաններում նաև ուժգին պայթյուն է տեղի ունեցել։
Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի «Ռադվան» ուժերի հրամանատար Մալիք Բալուտին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարությամբ հաստատել են գործողությունը։ Ըստ Իսրայելի անվտանգության ուժերի՝ նա, ամենայն հավանականությամբ, սպանվել է:
Իսրայելական հարվածները չեն դադարում նաև Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարվածներից Լիբանանի հարավում գտնվող Անսարիա գյուղաքաղաքում զոհվել է 3, վիրավորվել՝ 7 մարդ։
Բացի այդ, հարավում գտնվող աս-Սաքսակիյա գյուղաքաղաքի վրա իսրայելական ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 33-ը վիրավորվել է, այդ թվում՝ 6 երեխա և 4 կին։
«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել՝ անօդաչու թռչող սարքեր արձակելով իսրայելցի զինվորների ուղղությամբ։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2715-ի, իսկ վիրավորներինը՝ 8353-ի։
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Լիբանանի հարավի բնակիչներին պարբերաբար տրվող տարհանման հրահանգների կապակցությամբ և կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքներն Իսրայելի հարվածներից:
