Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրում է. «Դեռևս 2008 թվականին ՀՀ դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչությունը կոնկրետ գործով արգելեց քննչական մարմինին սեռական հանցագործության անչափահաս երեխային անմիջականորեն առերեսել իր նկատմամբ ենթադրյալ հանցանք կատարած անձի հետ, որի արդյունքում գործնականում ներդրվեց միջնորդավորված առերեսման ինստիտուտը, թեև դրա համար պոզիտիվ իրավական անմիջական հիմքեր չկար, սակայն քննչական մարմնին տրվեց միջնորդավորված առերեսում կատարելու մասին գրավոր ցուցում՝ հիմք ընդունելով երեխայի լավագույն շահի հայեցակարգը (տե՛ս Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն (դատական և հատուկ վարույթներ). Մաս 3, Հեղ. խումբ՝ Գիտ. խմբ. Ա. Ղամբարյան, Եր.: Հրատ. «Տիգրան Մեծ», 2017)։
Այդ տարիներին ՀՀ դատախազությունը, իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ, հսկայական աշխատանքներ իրականացրեց փոխելու քննիչի, դատախազի և դատավորի հոգեբանությունում գերակայող՝ սեռական հանցանքի զոհի «մեղավորության կանխավարկածը»։
Այժմ օրենսդրությունը քրեական վարույթում ներգրավված անչափահասների պաշտպանության հարցում էապես զարգացել է, սակայն, ինչպես նկատում եմ, իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը էապես ռեգրես (հետընթաց) է ապրել, քայքայվել է նախկինում ձեռք բերված փորձը։
Այսօր օրենքը թույլատրում է քննչական գործողությունն անցկացնել տեսակապի միջոցով՝ ելնելով անչափահաս տուժողի կամ վկայի իրավաչափ շահերի պաշտպանության անհրաժեշտությունից (ՀՀ ՔրԴՕ 214-րդ հոդվածի 6-րդ մաս)։ Այս պայմաններում քննիչը կամ դատախազը ի՞նչ իրավական գիտակցության և բարոյականության կրող պետք է լինի, որ կարողանա պահանջել անչափահաս երեխայից, որը բացի տարիքից, ունի նաև խոցելիության այլ պատճառներ, անմիջապես նստել իր նկատմամբ պարբերաբար ենթադրյալ հանցանք կատարած անձի դեմ։
Անհրաժեշտ է իրավապաշտպան կազմակերպությունների մասնակցությամբ կրկին ակտիվացնել այս ոլորտում քննիչների ու դատախազների իրավական գիտակցությունը «վերամշակելու» ուղղությամբ աշխատանքները»։
