Ոչնչացվել է ԻՊ-ի զինյալների կողմից նշանակված Հալեպի նահանգապետը
Ավիահարվածով ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից մեկը՝ Ամր ալ Աբսին, որը ծայրահեղականների կողմից նշանակվել էր Սիրիայի Հալեպի նահանգի նահանգապետ:
Այդ մասին հաղորդել է SITE մոնիթորինգային խումբը: Դիտորդների տվյալներով՝ ալ Աբսին, որը հայտնի է նաեւ Աբու ալ Աթիր անունով, տարածաշրջանի նահանգապետ է դարձել 2014 թվականի փետրվարին, երբ այլ ապստամբների հետ բախման հետեւանքով զոհվեց նրա եղբայրը՝ Ֆիրաս ալ Աբսին:
Նաեւ նշվում է ԻՊ-ի մեկ այլ բարձրաստիճան զինյալի՝ Աբդուլնադիր Բադաուիի ոչնչացման մասին: Ահաբեկիչները վերջին օրերին պարբերաբար գնդակոծում են Հալեպի բնակելի թաղամասերը: Փետրվարի 27-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո քաղաքի գնդակոծումներն ու հարձակումների թիվը կտրուկ ավելացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: