Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ Երևանում հնչող եվրոպական ինտեգրման ու վիզաների ազատականացման հայտարարությունների ֆոնին քաղաքացիները շաբաթներով չեն կարողանում հերթագրվել դեսպանատներում ու վիզային կենտրոններում։ Շատ դեպքերում «ժամերը» բացվում են վայրկյաններով և սպառվում, իսկ միջնորդները գործընթացը վերածում են լրացուցիչ բեռի։
Թերթի տվյալներով, վերջին 7-8 ամիսներին իրավիճակը չի բարելավվել, այլ բարդացել է, իսկ 1-2 դեսպանատուն գործառույթը պատվիրակել է վիզային կենտրոններին։ «Փաստի» խմբագրությունն ու մեկ խորհրդարանական խմբակցություն փորձել են հերթագրվել այլ հարթակներով, սակայն համակարգը մնում է փակ ու ծանրաբեռնված։
Սա հակադրություն է պաշտոնական ազատականացման խոսքերի հետ, երբ նույնիսկ տեխնիկական հասանելիությունը բացակայում է։ Թերթը հարցադրում է՝ ինչի մասին են խոսում բարձր ամբիոններից, եթե քաղաքացին բախվում է ավելի բարդ ու անանցանելի համակարգի, հատկապես Երևանի եվրոպական միջոցառումների օրերին։
