Մենք՝ քրիստոնյաներս, ծննդյան օրից մինչև մահ պայքարի մեջ ենք. Հայր Ռուբեն
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Խաչի Երևման տոնը։ Այդ առիթով Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի և ծխական համայնքի հրավերով նույն եկեղեցում տոնական Սուրբ Պատարագ է մատուցել Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հայր Ռուբենը փոխանցել է օրվա պատգամը.
«Մենք լսեցինք, մեր աչքերով տեսանք և մեր ձեռքերով շոշափեցինք Կենաց Բանը, որն ի սկզբանե կյանքի Ստեղծողն էր։ Նա նույն ինքը Կյանքն էր, որ հայտնվեց. մենք տեսանք և վկայում ենք ձեզ՝ պատմելով հավիտենական կյանքի մասին, որ Հոր հետ էր և այժմ հայտնվեց մեզ»։
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, սիրելի՛ հավատացյալներ, այս տողերը Հովհաննես առաքյալինն են՝ գրված իր նամակի հենց սկզբում։ Սա առաքյալների անձնական փորձառության վկայությունն է. նրանք մարդ Հիսուսին տեսել են իրենց աչքերով, լսել են իրենց ականջներով և շոշափել են իրենց ձեռքերով։ Նրանք շոշափել են Մեկին, ում Հովհաննեսը կոչում է «Կյանքի Ստեղծող», և Ով հայտնվեց որպես հավիտենական կյանքի երաշխիք։ Ուրեմն, Հովհաննեսի վկայությունը Հիսուսի միջոցով տրված կյանքի, առավել ևս՝ հավիտենական կյանքի մասին է։
Մենք կյանք ունենք։ Հավատացյալներս խոստովանում ենք, որ մեր կյանքի Պարգևատուն երկնքի Արարիչն է՝ մեր Տեր Աստվածը, Ով մեր ծնողների հետ համագործակցաբար մեզ կյանք է պարգևել՝ անկախ մեր կամքից։ Նրանք, ովքեր չեն հավատում, ընդունում են միայն կենսաբանական կամ բնութենական ծագումը։ Բայց ինչպե՞ս ապահովել հավիտենական կյանքը։
Այսօրվա տոնը մեր Սուրբ Եկեղեցում տալիս է այդ հարցի պատասխանը։
Այսօր Երևման Սուրբ Խաչի տոնն է՝ Խաչին նվիրված եզակի տոներից մեկը, որը հատուկ է հատկապես մեր Եկեղեցուն։ Դեպքը տեղի է ունեցել 4-րդ դարում, Երուսաղեմում։ Այն հաջորդել է Խաչափայտի գյուտին (որի առնչությամբ ունենք Խաչվերացի տոնը), բայց սա Խաչի նշանի հայտնությունն էր երկնքում, որը ձգվում էր Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռ։ Այսինքն՝ խաչելության վայրից մինչև Համբարձման վայր։ Այն վայրից, որն առնչվում է մահվան հետ, մինչև այն լեռը, որն առնչվում է կյանքին և դեպի երկինք՝ հավիտենություն տանող ճանապարհին։
Այս տոնը մեր տոնացույցում զետեղված է մի ժամանակաշրջանում, երբ մեր եկեղեցիների գմբեթները շողարձակում են Հարության լույսը։ Այսօր այդ լույսով շողացող «արեգակը» խաչանման է։ Պատարագամատույցի ծածուկ աղոթքներից մեկում մենք Խաչն անվանում ենք «կենսատու»՝ կյանք տվող, զորության և հաղթության նշան։ Հարության այս լուսավոր շրջանում Եկեղեցին հիշեցնում է, որ հաղթանակի համար պետք է պայքարել։ Այդ հաղթանակը չի տրվում հենց այնպես՝ որպես պարգև, որի համար ոչինչ պետք չէ անել։
Մենք՝ քրիստոնյաներս, ծննդյան օրից մինչև մահ պայքարի մեջ ենք. պայքար մեղքի դեմ, պայքար հիվանդությունների դեմ, պայքար մեր վախերի ու տագնապների դեմ, պայքար գայթակղությունների դեմ, պայքար մեր դեմ սանձազերծված հալածանքների դեմ, և վերջապես, պայքար մահվան իրականության ու մահվան վախի դեմ։
Զարմանալի է՝ ինչպե՞ս Խաչը, որը մարդկային ընկալման մեջ մահվան գործիք էր, դարձավ մեզ համար փրկության և կյանքի միջոց։ Մարդկային իրականության մեջ Խաչը զուգորդվում է անմարդկային տառապանքի և ծանր հանցագործության հետ։ Խաչվում էին նրանք, ովքեր համարվում էին հասարակության համար ամենավտանգավորը։ Ըստ Հին Կտակարանի՝ խաչվողն անիծված էր, այսինքն՝ մերժված և՛ Աստծուց, և՛ մարդկանցից։
Բայց սա մարդկային խաչի մասին է։ Ոչ թե Խաչը Քրիստոսին փառք տվեց, այլ Քրիստոս Խաչին փառք ու կյանք պարգևեց։
Նման մի վկայություն ունենք Հին Կտակարանում, երբ մահվան միջոցը վերածվում է փրկության։ Եբրայեցի ժողովուրդը, ազատագրվելով եգիպտական ստրկությունից, անապատում սկսում է տրտնջալ՝ հացի ու ջրի պակասից, օձերից ու վտանգներից։ Այդ տրտունջը վերածվում է մի թույնի, որը սկսում է խայթել հենց իրենց։ Մարդիկ սկսում են մեռնել օձերի խայթոցից։ Երբ նրանք զղջում են և Մովսեսին խնդրում փրկության ելք գտնել, Մովսեսը հայտնություն է ստանում՝ կանգնեցնելու պղնձե օձի մի արձան, որին նայելով՝ խայթվածները կփրկվեին։
Աստված չվերացրեց օձերին անապատում։ Նմանապես, Աստված մարդեղությամբ կիսեց մեր կյանքը, ապրեց որպես մարդ, ենթարկվեց փորձությունների և անցավ ամենադաժան մահվան միջով, բայց մեզ չազատեց տառապանքից կամ ֆիզիկական մահից։ Փոխարենը՝ Նա մեզ տվեց ճանապարհ և Իր հավերժական ներկայությունը մեր իրականության մեջ։
Խաչի ճանապարհն անբաժանելի է Հարության հաղթանակից։ Այդ պատճառով հայկական խաչերը ծաղկած են։ Հայ Առաքելական Եկեղեցին Խաչը պատկերում է բողբոջած ու ծաղկած, որովհետև առանց Հարության հաղթանակի՝ Խաչը լոկ տառապանք է։ Մեր Եկեղեցին չի խաբում հավատացյալներին, թե փրկությունը հեշտ ու հանգիստ է լինելու։ Ինչպես նկատել է մի աստվածաբան՝ «ամերիկյան խաչը» տառապանք է առանց մեխերի, բայց մեր Խաչը մեխերով է, որովհետև մեր Տիրոջ Խաչն էր այդպիսին։
Հովհաննես առաքյալն ասում է. «Ոչ ոք Հորը չի տեսել, բացի Միածին Որդուց… և Նա պատմեց (մեկնաբանեց) Նրա մասին»։ Եթե ուզում ենք ճանաչել Աստծուն, դա հնարավոր է միայն Քրիստոսի կյանքի ու ճանապարհի միջոցով։ Խաչը մեզ համար զարդ չէ, այլ Աստծո սիրո «թարգմանությունը»։
Մի կողմից՝ Խաչը մարդկային չարիքի խորհրդանիշն է (արդարացի կամ անարդար պատիժների), բայց մյուս կողմից՝ այն վկայում է Տիրոջ փառքի մասին։ Հին Կտակարանում «փառք» նշանակում էր նաև «կշիռ» կամ «ծանրություն»։ Քրիստոսի փառքը Խաչի վրա Նրա սիրո կշիռն է մեր կյանքում։
Սիրելի՛ ժողովուրդ, Երևման Սուրբ Խաչի տոնով մենք վերահաստատում ենք մեր ընթացքը Տիրոջ հետևից. «Ով ուզում է Ինձ հետևել, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից»։ Մեր խաչը քրիստոնեական է. այն շողարձակող է, կենսատու, հաղթության զենք, զորության գավազան և հույսի, հավատի ու սիրո նշան։
Ամփոփենք մեր աղոթքով.
«Խաչ քո եղիցի մեզ ապաւէն, Տէր Յիսուս, յորժամ երեւիս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս: Յայնժամ մեք մի՛ ամաչեսցուք յուսացեալքս ի քեզ, այլ զօրութեամբ քով
մեծաւ բերկրեսցուք ընդ աջմէ քումմէ որպէս զորդիս լուսոյ և որդիս տունջեան»:
Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Մեզ և ձեզ մեծ ավետիս»։
Արարողության ավարտին Հայր Ռուբենը եկեղեցու բակում ջերմ զրույց է ունեցել ներկա հավատացյալների, խորանի խոնարհ սպասավորների և երիտասարդների հետ՝ քաջալերելով նրանց անսասան մնալ հավատքի ճանապարհին և բարի գործերով զորացնել եկեղեցական համայնքը։
