Al Jazeera․ Թրամփին փոխանցված Իրանի ծրագիրը բաղկացած է երեք փուլից
Al Jazeera հեռուստաալիքը նոր մանրամասներ է հրապարակել Իրանի վերջին խաղաղության առաջարկի մասին, որը նա Պակիստանի միջոցով փոխանցել է ԱՄՆ-ին։
Աղբյուրները հայտնել են, որ իրանական ծրագիրը բաղկացած է երեք հիմնական փուլից և նպատակ ունի 30 օրվա ընթացքում հրադադարը վերածել պատերազմի դադարեցման։
Այն նախատեսում է չհարձակման պարտավորություն, այդ թվում՝ Իսրայելի կողմից, որպեսզի կանխվի պատերազմի վերսկսումը և վերջ դրվի ռազմական գործողություններին ամբողջ Մերձավոր Արևելքում։
Առաջին փուլը նախատեսում է Հորմուզի նեղուցի աստիճանական բացում և Իրանի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի շրջափակման վերացում։ Թեհրանը ստանձնում է ծովային ականների դեմ պայքարի պատասխանատվությունը։
Առաջարկի երկրորդ փուլը նախատեսում է սահմանված ժամկետի ավարտից հետո Իրանի վերադարձը ուրանի հարստացմանը՝ 3,6 տոկոսի մակարդակով՝ «զրոյական պահեստավորման սկզբունքի» համաձայն։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ծրագիրը նախատեսում է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ձեռնպահ կմնան Իրանի և նրա դաշնակիցների վրա հարձակումներից՝ փոխարենը, Իրանը պետք է ձեռնպահ մնա հարվածներ հասցնելուց։
Առաջարկում մերժվում է միջուկային ենթակառուցվածքի ապամոնտաժումը կամ Իրանի օբյեկտների ոչնչացումը։
Պատժամիջոցների վերացումը ենթադրում է սառեցված միջոցների աստիճանական ապաշրջափակում։
Երրորդ փուլում Թեհրանը առաջարկել է սկսել ռազմավարական երկխոսություն արաբ հարևանների հետ և ստեղծել անվտանգության համակարգ, որը կընդգրկի ամբողջ Մերձավոր Արևելքը։
Ավելի վաղ Al Arabiya-ն հայտնել էր, որ Իրանը իր առաջարկում համաձայնել է ներառել միջուկային հարցը։
Իր հերթին Tasnim-ը հայտնել էր, որ Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած առաջարկ։
Ավելի ուշ իսրայելական Kan լրատվամիջոցի լրագրող Նաթան Գուտմանը հայտնել է, որ Թրամփը իր հետ զրույցում ասել է, թե Իրանի առաջարկն անընդունելի է համարում։
