Pars Today․ Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի պատասխանը իր գրավոր առաջարկին
Al Jazeera հեռուստաալիքի վերջին հայտարարությունները Իրանի և ԱՄՆ-ի միջև առաջարկված շրջանակի մանրամասների վերաբերյալ էապես տարբերվում են իրականությունից և փաստացի վերաբերում են ԱՄՆ-ի 20 օր առաջվա առաջարկին, որը այդ ժամանակվանից ի վեր բազմիցս թարմացվել է, հաղորդում է Pars Today-ը։
Հեռուստաալիքի հրապարակած առաջարկը, որը ներառում էր ուրանի հարստացման 15-ամյա դադարեցում, 60% հարստացված ուրանի կարգավիճակի սահմանում և Հորմուզի նեղուցի փուլային բացում, վերաբերում է 20 օր առաջվա տարբերակին, և այն ժամանակ Իրանը կտրուկ մերժել էր այն, ընդգծում է իրանական ԶԼՄ-ն։
Առկա տեղեկությունների համաձայն՝ այդ առաջարկից հետո ԱՄՆ-ն ևս երեք անգամ թարմացրել է իր նախագիծը, և ընդհանուր առմամբ Իրանը չի ընդունել նախորդ տարբերակները։
ԱՄՆ-ի վերջին 9 կետից բաղկացած առաջարկում այլևս չկան այնպիսի պայմաններ, որոնց մասին հաղորդում էր Al Jazeera-ն, քանի որ ամերիկյան կողմը հասկանում է, որ Իրանը դրանք չի ընդունի, և այդ պատճառով շտկել է իր մոտեցումը։
Իրանը վերջին զարգացումների ընթացքում ներկայացրել է 14 կետից բաղկացած առաջարկ, որում հստակ նշված են նրա «կարմիր գծերը»։
Նշվում է, որ Իրանի 14 կետից բաղկացած առաջարկը դարձել է պատասխան ԱՄՆ-ի 9 կետից բաղկացած ծրագրին և, հակառակ կատարյան հեռուստաալիքի հաղորդումներին, չի ներառում ոչ ուրանի հարստացման 15-ամյա դադարեցում, ոչ էլ Հորմուզի նեղուցի բացում։
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը մի քանի ժամ առաջ հայտարարել է, որ ամերիկյան կողմը պատասխան է ուղարկել Իրանի գրավոր առաջարկին, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում։
