Խցանումների հարցը առաջնային եմ համարում Երեւանի համար. Ռոբերտ Քոչարյան
Խցանումների հարցը առաջնային եմ համարում Երևանի համար. եթե դու օրական 2 ժամ պետք է անցկացնես խցանումների մեջ, քաղաք պրոբլեմային է դառնում յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այս մասին երիտասարների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երևանը պետք է ունենա նաև հին Երևանի հատված։ Այն ժամանակ ևս հատուկ հատկացրեցիք մի հատված, որը պետք է հին Երևան լիներ, բայց ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը չքայլեց։ Ինչ-որ կիսատ-պռատ բաներ արվեցին։ Կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ այդ հին քաղաքի հատվածը մենք պետք է ստեղծենք։
Մի շենք կար, երևի նկարներում տեսել եք, կուկուռուզ էին անվանում։ Ինքը որոշակի սիմվոլիկ նշանակություն ուներ Երևանի համար, ուղղակի երկրաշարժից հետո այնպիսի վթարային վիճակում էր, որ պարզվեց՝ ներդրողը հնարավորություն չուներ որևէ կերպ այդ շենքը վերականգնել, տակից մինչև վերև մեծ ճաք ուներ և շենքի ամրացումը բավական պրոբլեմային էր։ Այն ժամանակ շենքը քանդվեց, այդտեղ ուրիշ բան պետք է կառուցվեր, կարելի էր նմանատիպ մի շատ սիրուն պրոյեկտ ունենալ։ Այ սա կցանկանայի տեսնել»,–ասաց նա։
