Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը գրել է․
«Ջերմ ընդունելություն և ջերմ հարցեր։ Մաս երկրորդ. ժողովրդավարություն
Հարգելի՛ եվրոպացի հյուրեր,
Մենք շատ ուրախ ենք, որ Եվրոպական միությունն ամբողջ աշխարհում ժողովրդավարության պաշտպանն է։ Դա հուզում և ոգեշնչում է մեզ։
ԵՄ բոլոր հիմնարար փաստաթղթերը և պայմանագրերը շեշտում են ժողովրդավարությունը՝ որպես Եվրոպական միության հիմնարար սկզբունք (Մաաստրիխտի պայմանագիր՝ 1992 թ., Լիսաբոնի պայմանագիր՝ 2009 թ. և այլն)։ Ձեր այցը Հայաստան նպատակաուղղված է աջակցելու կառավարության ներկայիս ղեկավարին և նրա քաղաքականությանը։ Ահա մի քանի հարց.
Դուք ասում եք, որ պաշտպանում եք մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը։ Արդյո՞ք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար տասնյակ ընդդիմադիրների ձերբակալելը։ Դաժանաբար ծեծել և ձերբակալել փաստաբանին ֆեյսբուքյան գրառման համա՞ր, կամ գործարարին միայն այն բանի համա՞ր, որ նա աջակցություն է հայտնել մեր եկեղեցուն։ Կամ լրագրողներին ամիսներով կալանավորել պաշտոնյայի վիրավորանքին պատասխանելու համա՞ր։ Կիրառել լուսաձայնային նռնակներ ու ոստիկանական դաժան ուժ խաղաղ ցուցարարների դեմ, ծեծել ուսանողներին, դեռահասներին, կանա՞նց։ Հնարավո՞ր է արդյոք նման բան եվրոպական որևէ երկրում։
Դուք այս ռեժիմին աջակցում եք որպես “ժողովրդավարականի”։ Կասե՞ր արդյոք որևէ եվրոպացի առաջնորդ, որ դատավորները պետք է ենթարկվեն իր հրամաններին, որ ոչ մի դատավոր չի համարձակվի դեմ գնալ իր կամքին, որ նա կստիպի դատարաններին ժամերի ընթացքում ձերբակալել իր հակառակորդներին՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, որ նա կոչնչացնի իր հակառակորդներին, պատերով կտա նրանց, ասֆալտին կփռի, կկտրի նրանց ականջները։ Կասե՞ր արդյոք ժողովրդավարական որևէ եվրոպացի առաջնորդ նման բառեր։ Կարո՞ղ է արդյոք ժողովրդավարական եվրոպական երկրում խորհրդարանի խոսնակը օրը ցերեկով թքել շարքային քաղաքացու երեսին և մնալ անպատիժ։ Իսկ պետության ղեկավարը իր ֆեյսբուքյան էջում խոսի իր սեռական օրգանների մասի՞ն։ Կդրսևորե՞ր արդյոք իրեն այդպես որևէ եվրոպացի առաջնորդ։
Ժողովրդավարակա՞ն է արդյոք միջամտել եկեղեցու գործերին, թիկնապահների ամբոխով ներխուժել տաճարներ, ձերբակալել մարդկանց պատարագների ժամանակ։ Հնարավո՞ր է, որ որևէ եվրոպացի առաջնորդ փորձի սեփական եկեղեցի ստեղծել և հեռացնել պատրիարքին։ Կարելի՞ է արդյոք նման բան պատկերացնել եվրոպական որևէ երկրում։
Ձեր երկրներում գործում են “օտարերկրյա գործակալների” մասին օրենքներ, որոնք արգելում են լրագրողներին, բլոգերներին, ՀԿ աշխատակիցներին և այլոց միջոցներ ստանալ արտասահմանյան հովանավորներից և ազդել ձեր իսկ երկրների քաղաքական գործընթացի կամ հանրային կարծիքի վրա։ Այդ դեպքում ինչո՞ւ եք դուք ֆինանսավորում հարյուրավոր լրագրողների, բլոգերների և նույնիսկ գործ տվողների Հայաստանում։ Գործ տվողների, որոնք կառավարության առաջին իսկ խոսքով մատնագրեր են գրում մարդկանց վրա և հասնում նրանց ձերբակալությանը։ Մի՞թե մեր Հանրապետությունը նույնքան ինքնիշխան չի համարվում, որքան ձեր երկրները։ Դա հանդուրժելի՞ կլիներ ձեր սեփական երկրներում։ Ինչո՞ւ եք դուք մեզ մոտ անում այն, ինչ արգելում եք անել ձեզ մոտ։
Դուք ասում եք, որ հավատում եք ժողովրդավարությանը և խոսքի ազատությանը։ Աջակցո՞ւմ եք արդյոք այս կառավարության անդամի վիրավորանքին վիրավորանքով պատասխանելու համար լրագրողներին ամիսներով կալանավորելու պրակտիկային։ Աջակցո՞ւմ եք արդյոք գործարարի ձերբակալությանը միայն այն բանի համար, որ նա ասել է. “մենք մեր ձևով ենք աջակցելու մեր եկեղեցուն”։ Աջակցո՞ւմ եք արդյոք այն ՀԿ-ներին, որոնք գործ են տալիս շարքային քաղաքացիների և կառավարության քաղաքական հակառակորդների վրա։ Սա՞ է խոսքի ազատությունը։ Հնարավո՞ր կլիներ արդյոք նման բան ժողովրդավարական եվրոպական երկրում։
Հայաստանի վերաբերյալ ձեր հայտարարություններում դուք կրկնում եք ձեր հավատարմությունը ժողովրդավարությանը՝ որպես ձեր արտաքին քաղաքականության հիմքի։ Դուք քննադատում եք որոշ երկրների՝ ընտրությունների ժամանակ ոչ ժողովրդավարական լինելու, իրենց ընդդիմախոսներին ճնշելու համար։ Միևնույն ժամանակ դուք բազմիցս Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին անվանել եք “ձեր ճշմարիտ և հավատարիմ ընկերը”։ Արդյո՞ք Ալիևին համարում եք ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդ։ Դուք տասնյակ միլիարդներ եք ներդրել Ադրբեջանում և նրա նավթային արդյունաբերության մեջ, դուք մեծ ծավալի սպառազինություն եք վաճառում Ադրբեջանին ու Թուրքիային նույնիսկ Արցախի էթնիկ զտումից հետո։ Համարվո՞ւմ են արդյոք այդ երկրները ժողովրդավարական՝ ԵՄ չափանիշներով։ Ինչո՞ւ եք դուք մի չափանիշ կիրառում, օրինակ, Բելառուսի կամ Իրանի նկատմամբ, և բոլորովին այլ չափանիշներ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Որտե՞ղ են եվրոպական արժեքները, ձեր արտաքին քաղաքականության սկզբունքայնությունը»:
