Արցախցիները նախընտրում են ապրել Հայաստանում, քան արտագաղթել, բայց կանգնած են սոցիալ-տնտեսական խոչընդոտների առաջ․ Նժդեհ Իսկանդարյան
Տեղահանությունից հետո, ցավոք, ՀՀ կառավարության կողմից տեղահանվածների մասնագիտական ներուժի գնահատման կամ հաշվառման ուղղությամբ որևէ համակարգված գործողություն չի իրականացվել և դրանով է պայմանավորված նաև այն, որ մինչ օրս բացակայում են հստակ տվյալների շտեմարաններ կամ ճշգրտված տեղեկություններ տեղահանվածների շրջանում գործազրկության իրական մակարդակի վերաբերյալ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Պետական մարմինների կողմից պարբերաբար հրապարակվում են տվյալներ այն մասին, թե տեղահանվածներից քանիսն ունեն գրանցված աշխատանք, այդ թիվը տատանվում է 20-25 հազարի շրջանակներում, սակայն այս ամբողջ ընթացքում չի ներկայացվել հստակ թիվ, թե որքան է կազմում գործազուրկ տեղահանվածների ընդհանուր թիվը, որը, անկասկած, զգալիորեն գերազանցում է աշխատանք գտածների թվին»,- ասաց նա։
Ն․ Իսկանդարյանը շեշտեց, որ տեղահանվածների մեծ մասը հիմնականում ներգրավված է ցածր վարձատրվող աշխատատեղերում, ինչի հետևանքով նրանց միջին աշխատավարձը զգալիորեն ցածր է ՀՀ միջին աշխատավարձից։
«Ինչ վերաբերում է ոլորտային զբաղվածությանը, ապա կարելի է նշել, որ գրեթե բոլոր մասնագիտական ոլորտներում տեղահանվածները դժվարությամբ են գտնում իրենց կարողություններին և մասնագիտական փորձին համապատասխան աշխատանք։ Թերևս բացառություն է բժշկական ոլորտը, որտեղ, իմ ունեցած տվյալներով, տեղահանված բժիշկների ճնշող մեծամասնությունն ունի զբաղվածություն»,- նշեց նա։։
Պաշտոնյան տեղեկացրեց, որ տեղահանվածների զբաղվածության ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվում են որոշ ծրագրեր, մասնավորապես՝ կարճաժամկետ ուսուցման և աշխատանքի տեղավորման եռաբաղադրիչ ծրագիրը։
«Սակայն այս ծրագիրը, իր ներկայիս ձևաչափով, չի կարող բավարար համարվել զբաղվածության հիմնախնդրի լիարժեք կարգավորման համար։ Ծրագիրն ունի մի շարք լուրջ թերություններ, որոնցից հատկապես կարևոր է զբաղվածության կայունության ապահովման պակասը։ Այսինքն՝ նույնիսկ այն դեպքերում, երբ անձը ծրագրի միջոցով կարողանում է աշխատանքի տեղավորվել, մի քանի ամիս անց, ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, հաճախ չի շարունակում աշխատանքային հարաբերությունները նույն գործատուի հետ։ Հետևաբար, անհրաժեշտ են ծրագրի էական վերանայումներ՝ այն առավել արդյունավետ և երկարաժամկետ արդյունք ապահովող դարձնելու համար։ Միաժամանակ, ցավոք, ՀՀ կառավարության կողմից չեն իրականացվել կամ բավարար չափով չեն իրականացվում ինքնազբաղվածության խթանման, փոքր և միջին բիզնեսի աջակցության, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև տեղահանվածների համար գյուղատնտեսական ակտիվացմանն ուղղված համալիր ծրագրեր։ Այսպիսի նախաձեռնությունների բացակայությունը զգալիորեն սահմանափակում է տեղահանվածների սոցիալ-տնտեսական կայունացման և երկարաժամկետ ինտեգրման հնարավորությունները»,- մանրամասնեց նա։
Անդրադառնալով Արցախի նախկին պետական ծառայողների փորձն ու գիտելիքները ՀՀ պետական համակարգում կամ մասնավոր ոլորտում օգտագործելուն՝ պետնախարարը նշեց, որ այդ հարցում ևս համակարգային որևէ մոտեցում չի ցուցաբերվել։
«Տեղահանված պետական ծառայողների մասնագիտական ներուժը ՀՀ պետական կառավարման համակարգում արդյունավետ ներառելու ուղղությամբ պետական մակարդակով որևէ խթանող կամ նպատակային քայլ չի իրականացվել, և խնդրի լուծումը հիմնականում թողնվել է անհատական նախաձեռնությունների ու անձնական ջանքերի վրա։ Այս համատեքստում լրջագույն խոչընդոտ է առաջացրել նաև քաղաքացիության հարցը։ Ինչպես հայտնի է, ՀՀ պետական համակարգում աշխատելու համար ՀՀ քաղաքացիություն ունենալը պարտադիր պահանջ է։ Սակայն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ արցախցիները փաստացի զրկվեցին ՀՀ քաղաքացիությունից բխող հնարավորություններից և ճանաչվեցին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձինք, ինչի հետևանքով նրանք զրկվեցին պետական համակարգում աշխատանքի հնարավորությունից՝ մինչև ՀՀ քաղաքացիության վերականգնումը կամ ստացումը։ Այսպիսի համակարգային մոտեցման բացակայությունը դրսևորվում է գրեթե բոլոր պետական ոլորտներում՝ ներառյալ դատական և դատախազական համակարգերը, ոստիկանությունը, փրկարար ծառայությունները, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ողջ համակարգը։ Արդյունքում, տվյալ մասնագետների զգալի մասը ներկայումս աշխատում է մասնավոր հատվածում՝ հաճախ զբաղեցնելով իրենց մասնագիտական փորձին, կարողություններին և պատրաստվածությանը անհամեմատ ավելի ցածր որակավորում պահանջող աշխատանքներ»,- ասաց նա։
Ն․ Իսկանդարյանը նշեց, որ հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվող արցախցիների հարցն ամենակարևորներից է և նա պարբերաբար բարձրաձայնում է այն։
«Գյուղատնտեսության ոլորտում մեծ փորձ և հմտություններ ունեցող բազմաթիվ տեղահանվածներ այսօր չեն կարողանում շարունակել իրենց գործունեությունը, քանի որ իրենց հիմնական ռեսուրսները, տեխնիկան և արտադրական հնարավորությունները մնացել են Արցախում։ Հայաստանում նրանք հաճախ փաստացի չունեն ոչ հողատարածքներ, ոչ համապատասխան տեխնիկական միջոցներ՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Թեև կան անհատներ, ովքեր տարբեր միջոցներով կարողացել են մասամբ վերականգնել իրենց գործունեությունը և որոշ չափով շարունակել աշխատանքը գյուղատնտեսության ոլորտում, այնուամենայնիվ տեղահանվածների զգալի մասը պարզապես զրկված է այդ հնարավորությունից։ Այս համատեքստում ևս ակնհայտ է պետական համակարգային մոտեցման բացակայությունը։ Չկան տեղահանվածների համար հատուկ մշակված գյուղատնտեսական աջակցության ծրագրեր, իսկ ՀՀ-ում գործող ընդհանուր ծրագրերը նրանց համար գործնականում հաճախ անհասանելի են, քանի որ հիմնականում հիմնված են վարկավորման մեխանիզմների վրա՝ պահանջելով վարկունակություն կամ գրավ, ինչը տեղահանվածների մեծ մասի համար ներկայումս անհնար է ապահովել։ Թեև միջազգային կազմակերպությունների և սփյուռքի կառույցների կողմից իրականացվել են որոշակի աջակցության ծրագրեր, ակնհայտ է, որ դրանք չեն կարող լիարժեք լուծել խնդիրը և բավարար չեն լայնածավալ սոցիալ-տնտեսական վերականգնման համար։ Հետևաբար, չափազանց կարևոր է, որպեսզի բնակարանային ապահովման ծրագրերին զուգահեռ իրականացվեն նաև տնտեսական ակտիվացման համալիր ծրագրեր՝ ներառյալ գյուղատնտեսության զարգացման, տեխնիկական վերազինման, ինքնազբաղվածության խթանման և արտադրական ներուժի վերականգնման հատուկ նախաձեռնություններ»,- պարզաբանեց նա։
Պետնախարարն անդրադարձավ նաև Արցախում ձեռք բերված բազմամյա աշխատանքային ստաժի հաշվարկման հարցին, որը մինչ օրս շարունակում է մնալ տեղահանվածների սոցիալական իրավունքների պաշտպանության կարևորագույն և ամբողջությամբ չլուծված խնդիրներից մեկը։
«Թեև օրենսդրական որոշ փոփոխությունների արդյունքում խնդիրը մասնակիորեն կարգավորվել է առանձին խմբերի համար, ընդհանուր առմամբ այն շարունակում է մնալ բազմաթիվ տեղահանվածների համար լուրջ խոչընդոտ։ Մասնավորապես, դեռևս լիարժեք լուծում չի ստացել Արցախում մասնավոր հատվածում աշխատած անձանց աշխատանքային ստաժի հաստատման հարցը։ Այս իրավիճակի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ փաստացի կանգնում են բարդ իրավական և վարչարարական խնդիրների առաջ, քանի որ իրենց աշխատանքային փորձի ճանաչման համար հաճախ միակ հնարավոր տարբերակը մնում է դատական կարգով ստաժի հաստատումը։ Սա, սակայն, երկարատև, ծախսատար և ոչ բոլորի համար հասանելի գործընթաց է։ Խիստ անհրաժեշտ է պետական մակարդակով մշակել առավել պարզեցված, հասանելի և համապարփակ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան տեղահանվածներին առանց ավելորդ բյուրոկրատական և ֆինանսական բեռի հաստատել իրենց բազմամյա աշխատանքային գործունեությունը՝ անկախ նրանից, թե նրանք աշխատել են պետական, թե մասնավոր ոլորտում»,- ասաց նա։
Ն․ Իսկանդարյանը ցավով նշեց, որ արցախցիների Հայաստանը լքելու հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն ու առկա կենսական դժվարություններն են։
«Սոցիոլոգիական տարբեր ուսումնասիրություններ ևս ցույց են տալիս, որ տեղահանվածների ճնշող մեծամասնությունը, համապատասխան սոցիալական և տնտեսական պայմանների առկայության դեպքում, նախընտրում է ապրել Հայաստանում, քան արտագաղթել այլ երկրներ։ Հայաստանը մեր հայրենիքն է, մեր բնական միջավայրը և ինքնության կարևորագույն տարածքը։ Հետևաբար լիովին բնական է, որ մարդկանց գերակշիռ մասի համար նախընտրելի է շարունակել կյանքը հենց Հայաստանում։ Սակայն դրա համար անհրաժեշտ է ապահովել արժանապատիվ կյանքի վերականգնման իրական հնարավորություններ՝ ներառյալ բնակարանային ապահովում, կայուն զբաղվածություն, սոցիալական պաշտպանություն և տնտեսական ինքնուրույնության պայմաններ»,- ընդգծեց Արցախի պետնախարարը։
