Անձի երկվությամբ տառապող Գեղամ Նազարյան, Աբգարին սպանողի հետ ինչի՞ մասին ես աղոթում.«Հրապարակ»
Ընդդիմության շարքերում 2021-ից դիրքավորված, ապա ճամբարափոխ եղած պատգամավոր, ծնունդով կիրանցեցի Գեղամ Նազարյանն այսօր հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել։ Բանն այն է, որ ՔՊ-ական պատգամավորներից ավելի ՔՊ-ական դարձած Նազարյանը Կիրանցում այսօր հերթ էր կանգնել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմի։
Հիշեցնենք, որ նրա որդին՝ Աբգարը զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և նա Փաշինյանին մեղադրում էր իր որդուն սպանելու մեջ ու իր բոցաշունչ ճառերի պատճառով էլ ընդգրկվեց ընդդիմության ընտրացուցակում: Լրագրողները տեսնելով, թե ինչպես է վերջինս խոնարհվում Փաշինյանի առաջ, փորձել են հարցեր ուղղել նրան, սակայն Նազարյանն ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ նախ ասաց. «Էս ով է, սրան հավաքեք, այստեղից տարեք», ապա սպառնաց. «Օգոստոսի 2-ից հետո ես ազատ մարդ եմ լինելու, դու բանտում փտելու ես»և հայհոյեց կին լրագրողներին։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Կիրանցում մասնակցում է վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը։ Արարողությանը ներկա են նաև մի շարք ՔՊ-ականներ և Գեղամ Նազարյանը։ Լրագրող, 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրիկ Ալիսա Գևորգյանը նույնպես հետևել է միջադեպին: «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Գեղամ Նազարյանի պահվածքի մասին։ Ի վերջո՝ նույն Գեղամ Նազարյանը տարիներ առաջ իր որդուն սպանելու մեջ մեղադրում էր հենց Նիկոլ Փաշինյանին։ Գևորգյանը մեզ հետ զրույցում խոսելով Նազարյանի և այսօր տեղի ունեցած միջադեպի մասին, ասաց.
«Այդ մարդու մեջ կա անձի երկվություն, նա տառապում է անձի երկվությամբ։ Նրա գործողություններին հետևելով, միայն դա եմ մտածում։ Մի մարդ, ով ասում էր՝ «Նիկոլ, դու ես իմ Աբգարին սպանել», այսօր նա իր Աբգարին սպանողի հետ եկեղեցի է բացում։ Անկեղծ չգիտեմ, թե նրա մասին ինչ մտածեմ։ Միայն Աստված գիտի, թե Նիկոլ Փաշինյանը Գեղամի հետ ինչի մասին կարող էր աղոթել։ Ուզում եմ հասկանալ, թե նրանք ինչի շուրջ կարող են համագործակցել` տարածքներ հանձնելո՞ւ։ Օրինակ նույն Կիրանցից, որտեղ ծնվել է Գեղամ Նազարյանը, երևի․․․․ որովհետև այս ամենը սկսվեց հենց «Սրբազան» շարժման օրերից։ Տարածքներ հանձնելու հարցում հավանաբար ելքեր են գտել միասին։ Ինչ վերաբերում է լրագրողների հետ այդ տոնով ու այդ բառապաշարով խոսելուն, ապա ես լրագրողների կողմից որևէ ավելորդ բան չնկատեցի։ Նա ամեն ինչից առաջ Ազգային ժողովի պատգամավոր է, և ցանկացած լրագրող իրավունք ունի պատգամավորին հարցեր ուղղելու։ Գեղամ Նազարյանը պատգամավոր է դարձել բոլորովին այլ բանի համար, նրան մարդիկ ընտրել են լրիվ այլ նպատակներից ելնելով, բայց ինքը իր ընտրողների քվեն շահագործեց, խեղաթյուրեց և դեռ շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր, ուստի պարտավոր է պատասխանել բոլոր լրագրողների հարցերին և մնալ կոռեկտության սահմաններում։ Եթե նա չի ուզում ինչ-որ հարցի պատասխանել, ապա պարտավոր է մնալ բարեկրթության սահմաններում, այլ ոչ թե հայհոյել։ Իշխանական մի լրագրող կա, հարձակվում է մարդկանց վրա, վիրավորում է, սադրում է, բայց նրան ոչ մեկը չի հայհոյում։ Անգամ նրան որպես լրագրողի են մոտենում։ Շատ վատ է, որ տղամարդն իրեն կարող է նման կերպ դրսևորել։ Իր օգտագործած բառերը եկեղեցի բացող մարդու բառեր չեն», - ասում է Ալիսա Գևորգյանը։
Հարցին՝ շա՞տ են Գեղամ Նազարյանի նման որդեկորույս ծնողները մեր իրականության մեջ, Գևորգյանը ասաց․«Ես նման ծնողների հետ չեմ շփվում, իսկ Գեղամի հետ շփվել եմ այն ժամանակ, երբ ինքը գիտեր, որ իր Աբգարին սպանել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ես նրա հետ շփվելու ցանկություն ընդհանրապես չունեմ, իսկ ինչ վերաբերում է նման ծնողներին, ես առհասարակ այդպիսինների հետ շփում չունեմ։ Շփվում եմ բացառապես այն ծնողների հետ, ովքեր համախմբված են և գիտեն, թե ինչ հանցագործություն է տեղի ունեցել իրականում։ Ինչքան էլ, որ ոմանք լռում են, վախենում են, չեն մեղադրում, մենք հո իրականությունը լավ գիտենք, մենք գիտենք, որ ինչ-որ մի սրիկա մեր տղաներին տարել է մահվան։ Դա ակնհայտ ճշմարտություն է, նրանք, ովքեր լռում են, պարզապես հարմար է այդպես։ Գեղամ Նազարյանը հո միակը չէ, նրա նման էլի կան»։
