Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ
Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանը «Միասնական հոգևոր ծառայությունը ոչ միայն կազմակերպչական սկզբունք է, այլև եկեղեցաբանական անհրաժեշտություն» վերտառությամբ հրապարակում է արել։
Հայր Սուրբի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության իրավական և հոգևոր կյանքի համադրությունը առանձնահատուկ նշանակություն ունի ազգային ինքնության պահպանման և հասարակական համերաշխության ամրապնդման տեսանկյունից։
«ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով արձանագրված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի ազգային, հոգևոր և մշակութային կյանքում, ինչը վկայում է եկեղեցու կարևոր դերակատարության մասին պետական և հասարակական համակարգում։
Միաժամանակ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը սահմանում է կրոնական կազմակերպությունների գործունեության ընդհանուր իրավական շրջանակը՝ ապահովելով ինչպես ազատությունը, այնպես էլ կազմակերպվածության անհրաժեշտ պայմանները։ Այս երկու հարթությունների ներդաշնակ համադրումը կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է պետական մարմինների և եկեղեցական կառույցների համագործակցությանը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից։ Այդ լիազորությունները կենտրոնացված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որն է եկեղեցու միասնականության և կառավարման առանցքը։ Հետևաբար, հոգևոր ծառայություն իրականացնող անձանց նշանակման և լիազորման գործընթացը նույնպես իրականացվում է այդ ինստիտուցիոնալ շրջանակում։
Այս համատեքստում կարևոր է նկատել, որ առանձին հոգևորականների հետ ուղղակի համագործակցությունը պետական մարմինների կողմից, առանց համապատասխան եկեղեցական կառույցի ներգրավման, կարող է առաջացնել իրավական և կազմակերպչական որոշակի անորոշություններ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն տվյալ անձանց լիազորությունների հստակությանը, այլև եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայացուցչության և ծառայությունների միասնական չափորոշիչների պահպանմանը։
Հատկապես քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայության կազմակերպումը պահանջում է համակարգված և պատասխանատու մոտեցում՝ հաշվի առնելով ոլորտի զգայունությունն ու սոցիալական նշանակությունը։ Այս առումով առավել նպատակահարմար է, որ համագործակցությունը ձևավորվի ինստիտուցիոնալ մակարդակում՝ համապատասխան համաձայնագրերի միջոցով, որոնք կնքված կլինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։ (Կենտրոնացված ու համագործակցության ձևաչափերին հարազատ) նման մոտեցումը կարող է ապահովել ինչպես իրավական հստակություն, այնպես էլ ծառայությունների որակի և հետևողականության բարձր մակարդակ. կնպաստի պետական և եկեղեցական կառույցների միջև փոխվստահության ամրապնդմանը, ինչպես նաև օրենքի և եկեղեցական կանոնակարգերի ներդաշնակ կիրառմանը»,- ընդգծել է Հայր Իսահակը։
