Քաղաքացին կարող է մնալ անպաշտպան, երբ նրա իրավունքները բախվում են իշխանական շահին. ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է «Քաղաքացին և անարդարադատությունը. Սոնա Մնացականյանի գործը» թեմայով զեկույց։
Զեկույցի հիմքում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով նախաքննական փուլի, դատական վարույթի, պետական պաշտոնյաների, իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցների ու քարոզիչների արձագանքների վերլուծությունն է։ Հեղինակի կողմից մշտադիտարկվել են թվով 8 դատական նիստ։
Հիմնվելով զեկույցում ներկայացված դատական մշտադիտարկման արձանագրությունների և գործին առնչվող տվյալների վրա՝ ներկայացվել են մի շարք էական հետևություններ, որոնք մատնանշում են պետական համակարգում առկա խորքային և վտանգավոր խնդիրները։
1. Օրենսդրական բացերը՝ որպես համակարգային անպատժելիության խթան
Զեկույցի համաձայն՝ պետական համակարգը ոչ թե շտկում է օրենսդրական բացերը՝ հանուն քաղաքացու անվտանգության, այլ «ճշգրտում» է դրանք՝ պատասխանատվությունից խուսափելու նպատակով։
Մասնավորապես՝ ՃԵԿ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների վերաբերյալ 2023 թվականին կատարված փոփոխությունը, որը թույլ է տալիս գերազանցել արագությունը «հարձակման» կամ դրա «իրական սպառնալիքի» դեպքում, ստեղծում է կամայական մեկնաբանությունների լայն դաշտ։ Այս պայմաններում ցանկացած ծառայողական մեքենայի վտանգավոր վարքագիծ կարող է արդարացվել՝ պնդելով, թե առկա է եղել նման սպառնալիք։
2. Քննության ոչ պատշաճ ընթացք և ապացույցների «անհետացում»
Գործի քննության հանգամանքները, ըստ զեկույցի, վկայում են պատասխանատվությունից համակարգված խուսափման մասին։ Նշվում է ռադիոկապի ձայնագրությունների ոչնչացումը կամ «տեխնիկական անսարքությունը», ինչպես նաև դրա պատճառները պարզելու նպատակով փորձաքննության բացակայությունը։
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ հնարավոր է կանխամտածված քայլ է արվել՝ թաքցնելու հրահանգները, ինչի հետևանքով շարասյան ղեկավար կազմի ներկայացուցիչները չեն ենթարկվել քրեական պատասխանատվության։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ նման «անսարքության» առկայությունը ինքնին խնդրահարույց է՝ անվտանգության տեսանկյունից։
3. Դատական պրոցեսի ձգձգումը՝ որպես գործիք
Մշտադիտարկման արդյունքներն ու արձագանքները վկայում են, որ դատական գործընթացը կարող է միտումնավոր երկարաձգվել։ Ենթադրվում է, որ նպատակը գործը հասցնելն է մինչև 2027 թվականի վաղեմության ժամկետի լրանալը, ինչը թույլ կտա մեղադրյալին խուսափել քրեական պատասխանատվությունից։
4. Զոհի վարկաբեկում և հարազատների նկատմամբ հոգեբանական ճնշումներ
Զեկույցում նշվում է, որ իշխանամերձ քարոզչությունը և պաշտպանական կողմը կիրառել են տարբեր մեթոդներ՝ զոհին մեղադրելու նպատակով։ Փորձ է արվել Սոնա Մնացականյանի մահը ներկայացնել որպես «անհնազանդ» կամ «կամակոր» վարքի հետևանք։
Նույնիսկ առաջ են քաշվել անհիմն վարկածներ, թե նա, իբր, քաղաքական հայացքներից ելնելով՝ դիտավորյալ չի զիջել ճանապարհը վարչապետի ավտոշարասյանը։
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ արդարադատության մաս չի կարող կազմել տուժող կողմի նկատմամբ հոգեբանական ճնշումը՝ ներառյալ գերեզմանի ծախսերի վիճարկումը ոչ պատշաճ ձևակերպումներով և վրաերթի տեսանյութի բազմակի ցուցադրումը՝ առանց հաշվի առնելու հարազատների հուզական վիճակը։
Ընդհանուր հետևություն
Զեկույցի համաձայն՝ Սոնա Մնացականյանի գործը ցույց է տալիս, որ քաղաքացին կարող է մնալ անպաշտպան, թիրախավորվել և պիտակավորվել այն դեպքում, երբ նրա իրավունքները բախվում են իշխանական շահերին կամ «շարասյան անվտանգությանը»։
Ընդգծվում է, որ նման դեպքերում իրավապահ համակարգը պետք է ծառայի արդարադատությանը, այլ ոչ թե պաշտոնյաների նեղ շահերին։
Զեկույցի ամբողջական տարբերակը կարդացեք հետևյալ հղմամբ։
