Իրանական միջուկային օբյեկտներում իրավիճակը վերահսկողության տակ է
Իրանական միջուկային օբյեկտներում, որոնք վերջերս տեղի ունեցած հակամարտության ընթացքում ենթարկվել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակմանը, իրավիճակը վերահսկողության տակ է։ Այս մասին «ТАСС»-ի հետ զրույցում հայտնել է Եգիպտոսում Իրանի դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Փուրը:
«12-օրյա պատերազմի և վերջին մարտական գործողությունների ընթացքում Ֆորդոյի, Նաթանզի և Սպահան նահանգի միջուկային օբյեկտները ենթարկվել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակմանը: Այս պահին դրանցում իրավիճակը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության և համապատասխան ատյանների վերահսկողության տակ»,- նշել է նա:
Դիվանագետը նաև պնդել է, որ իր երկիրն «ունի Իսրայելի միջուկային օբյեկտներին թիրախային հարվածներ հասցնելու հնարավորություն», սակայն դեռևս չի արել դա, քանի որ գիտակցում է նման քայլի հետևանքները:
«Մենք ցանկանում ենք, որ Մերձավոր Արևելքը դառնա առանց միջուկային զենքի և առանց զանգվածային ոչնչացման զենքի տարածաշրջան»,- ընդգծել է Ֆերդոուսի Փուրը:
