Առնվազն 21 մարդ մահապատժի է ենթարկվել, 4000-ը՝ ձերբակալվել Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր․ ՄԱԿ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների վարչության տվյալներով՝ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի սկզբից ի վեր մահապատժի է ենթարկվել առնվազն 21 մարդ, 4000 մարդ ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկին։
Հանձնակատարի խոսքով՝ մահապատիժներն իրականացվել են Իրանի կողմից այլախոհության դեմ պայքարի ֆոնին, մասնավորապես՝ «ազգային անվտանգության հետ կապված մեղադրանքներով»։
Վարչությունը հայտնել է, որ առնվազն ինը մարդ մահապատժի է ենթարկվել 2026 թ. հունվարի բողոքի ցույցերի հետ կապված, տասը մարդ՝ ընդդիմադիր խմբավորումներին ենթադրյալ անդամակցության համար, և երկուսը՝ լրտեսության մեղադրանքով։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր «Իրանում ազգային անվտանգության հետ կապված մեղադրանքներով ձերբակալվել է ավելի քան 4000 անձ»։ Ըստ հրապարակման՝ նրանցից շատերը «բռնի կերպով անհետացել են, խոշտանգվել կամ ենթարկվել դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի»։
«Ես սարսափած եմ, որ հակամարտության արդեն իսկ ծանր հետևանքներից բացի՝ իշխանությունները շարունակում են զրկել Իրանի ժողովրդին իր իրավունքներից կոպիտ և դաժան ձևերով», – ասել է Տյուրկը։
