Թրամփի նկարով՝ անձնագրեր. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը
ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել է, որ պատրաստվում է երկրի 250-ամյակի կապակցությամբ սահմանափակ քանակությամբ հատուկ անձնագրեր թողարկել. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը։ Դոնալդ Թրամփը կդառնա առաջին ամերիկացի ղեկավարը, որի դեմքը կենդանության օրոք կհայտնվի այդ փաստաթղթում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Հատուկ անձնագրի գաղափարը քննարկվել է մի քանի ամիս շարունակ և հաստատվել ապրիլի 27-ի երեկոյան։ Տպաքանակը կկազմի 25 000-ից մինչև 30 000 օրինակ։ Այդ անձնագրերը հասանելի կլինեն այն դիմողներին, որոնք փաստաթղթերն անձամբ կձևակերպեն Վաշինգտոնի անձնագրային գրասենյակում հուլիսի 4-ից։ Այն անձինք, որոնք ցանկանում են ստանդարտ անձնագիր ստանալ, կկարողանան այն ձևակերպել առցանց կամ այլ գրասենյակներում։
