Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը
Օրերս սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար հետախույզ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) պայմանագրային զինծառայող որդուն հեռացրել են զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկից:
Պաշտպանության նախարարության 168.am-ի աղբյուրները հայտնում են, որ Արթուր Ավանեսյանի որդու պայմանագրի ժամկետը լրացել է, և այն չի երկարացվել: Չի բացառվում, որ ՊՆ ղեկավարության այս որոշումը քաղաքական է: Ինքը՝ Արթուր Ավանեսյանը, և «Ուժեղ Հայաստանն» այս թեմային չեն անդրադարձել:
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, գնդապետ-հետախույզ Արթուր Ավանեսյանը (Կանդազ) մարտի 31-ին հիշեցրել էր Աննա Հակոբյանի՝ 2023 թվականի ապրիլի 1-ին Տավուշ կատարած այցի ժամանակ արված հայտարարությունը, որ 11.000 դասալիք է եղել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ շեշտելով. «Մեր զինվորները դասալիք չեն, նրանք կռվում էին առյուծի նման, իսկ ձեր ամուսինը թողեց մեր զինվորին անպաշտպան, առանց զենքի»:
Աննա Հակոբյանը որոշել էր անարձագանք չթողնել հետախույզի տեսանյութ-հիշեցումը, ինչին հաջորդել էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը:
