Թրամփը հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը հրաժարվել է մահապատժի ենթարկել ութ կանանց
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 22-ին հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանն այլևս մահապատժի չի ենթարկի ութ կանանց։ Պաշտոնական Թեհրանը, սակայն, հերքում է մահապատժի մասին տեղեկությունը՝ նշելով, թե ԱՄՆ նախագահը կեղծ լուրեր է տարածում։
Truth Social-ում արված գրառմամբ Թրամփը հայտարարել է, որ ենթադրաբար մահապատժի դատապարտված ութ կանանցից չորսն անմիջապես ազատ կարձակվեն, իսկ մյուս չորսը՝ մեկ ամիս ազատազրկման մեջ կմնան։
«Ես շատ եմ գնահատում, որ Իրանը և նրա առաջնորդները հարգեցին խնդրանքս՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ, և դադարեցրին նախատեսված մահապատիժը»,- գրել է ԱՄՆ նախագահը, ով մի քանի օր առաջ հրապարակել էր ութ կնոջ նկար՝ գրելով, թե նրանք մահապատժի են ենթարկվելու Իրանում ու կոչ անելով Թեհրանին հետ կանգնել այդ որոշումից։
Իրանական կողմը հորինվածք է որակել ութ կանանց մահապատժի ենթարկելու մասին տեղեկությունը։ Իրավական լուրերի հաղորդմամբ զբաղվող Mizan գործակալությունից հայտնել են, որ «Թրամփը կրկին մոլորեցվել է կեղծ լուրերով»։ Mizan-ը գրել է, որ մի խումբ կանայք արդեն ազատ են արձակվել, իսկ մի քանիսն էլ սպասում են իրենց գործով դատավճռի հրապարակմանը, որի դեպքում առավելագույնը հնարավոր է ազատազրկում, այլ ոչ թե մահապատիժ։
