Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին ակնհայտ «ֆալստարտով» կտորկտոր ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը՝ հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկում է մայիսի 8-ին: Այստեղ առավել էական են հետահայաց զուգահեռները՝ հինգ տարվա կտրվածքով:

2021 թվականին էլ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, բնականաբար, հանդես են եկել «նախընտրական ծրագրով», որը հետագայում՝ նույն 2021 թ. օգոստոսին, փաստացի դարձել է «ՀՀ կառավարության 2021-26 թթ. ծրագիր»: Այսինքն, խոսքը զուտ առանձին վերցրած 1 կուսակցության նախընտրական խոստումների մասին չէ, այլ գործող իշխանության, մի ամբողջ կառավարության հնգամյա գործունեության ծրագրի՝ պաշտոնական, կարգավիճակ ունեցող փաստաթղթի: Ու հիմա, երբ Փաշինյանը մի նոր «հնգամյա պլան» կամ «նախընտրական ծրագիր» է ներկայացնում, առավել քան տեղին ու տրամաբանական է հարցը. իսկ նախորդ 5 տարվա ծրագիրը կատարե՞լ է:

Իրեն որ լսես, կասի՝ կատարել է: Բայց կատարե՞լ է: Ոչ միայն չի կատարել, այլև իր իսկ կառավարության որոշմամբ ամրագրված 2021-26 թթ. ծրագրի ամբողջական բլոկներ ուղղակիորեն տապալել է: Ավելին, շատ դեպքերում արել է լրիվ հակառակը: Մենք մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք այս խնդրին, և նման նախանձախնդիր մոտեցման հիմնապատճառներից մեկն այն է, որ դա ցանկացած իշխանության, կառավարության գործունեությունը գնահատելու ամենաառարկայական տարբերակ է:

Եվ այսպես. կառավարության այդ ծրագրի «Անվտանգություն և արտաքին հարաբերություններ» բաժնի 1.2 ենթակետը՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր», Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն հիմնովին տապալել կամ ձախողել են: Համոզվեք: Փաշինյանը 2021-ին խոստացել է (ու նաև դրա համար շուրջ 680 հազար քվե է ստացել), որ «կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը: Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: …Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: … Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը»:

Իսկ ի՞նչ ունենք արդյունքում: Արցախն ուրացել է (Պրահա, 06.1.2022 թ.), Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի ու Արցախի հայության բռնի տեղահանության ժամանակ գործնականում մատը մատին չի տվել (սեպտեմբեր 2023 թ.), այնուհետև հանդես է եկել (կամ միացել է ադրբեջանական նախաձեռնությանը) ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումով: Այսինքն, արել է 2021-ին խոստացածի ու իր կառավարության ծրագրով ամրագրվածի տրամագծորեն հակառակ գործողությունները: Այն աստիճան է արել, որ նույն Փաշինյանը, որը 2021-ին խոստանում էր Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, ինքնորոշման իրավունքի իրացում, այսօր՝ 5 տարի անց, հայտարարում է, թե «Ղարաբաղյան շարժման էջը փակված է, իսկ ով ուզում է բացել, պատերազմ է ուզում…» և նման բաներ:

Հենց միայն այսքանը բավարար կլիներ, որ որևէ այլ կառավարություն, որևէ այլ գործիչ ոչ միայն դադարեր իշխանություն լինելուց, այլև առհավետ հրաժեշտ տար քաղաքական ասպարեզին: Իսկ Փաշինյանը վերստին հավակնում է մի 5 տարի էլ կառավարել երկիրը:

Բայց միայն ծրագրային այդ մի բլոկը չէ, որ Փաշինյանը չի կատարել: Առհասարակ, ավելի հեշտ կլինի պարզել, թե ինչ խոստում է կատարել, եթե կատարել է: Չկատարածներից. «Նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, …վերացնել ծայրահեղ աղքատությունը» (կետ 4.6): Փաստն այն է, որ Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը անցած 5 տարում ոչ միայն չեն վերացրել ծայրահեղ աղքատությունը, այլև աղքատության մակարդակը չեն կարողացել նվազեցնել: Որոշ աննշան տատանումներ գուցե վիճակագրությունն արձանագրել է, բայց աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ 22- 24 տոկոսի միջակայքում: Իսկ թե ինչ չափով են նվազագույն կամ միջին թոշակները «համընկնում» սպառողական ու պարենային զամբյուղների արժեքներին, թող նվազագույն ու միջին թոշակ ստացող մեր տարեց հայրենակիցներն ասեն: Ըստ որում, Փաշինյանը, որ անցյալ տարեվերջին կուրծք էր ծեծում, թե ոչ մի տարբերակ չկա թոշակները բարձրացնելու, որ եթե բարձրացնեն, ապա տնտեսությունը կփլուզվի և այլն, ընտրությունների նախաշեմին, այն էլ՝ ընդդիմադիրների ճնշման տակ, «հիշեց» թոշակառուների մասին ու, ասես մեծ լավություն է անում, մի 10000 դրամով թոշակներն ավելացրեց: Իսկ ոչի՞նչ, որ այդ ընթացքում նույն պարենային զամբյուղի միջի եղած-չեղածը կտրուկ թանկացավ:

Ու այսպես, կարելի է ցանկացած այլ բնագավառի հետ կապված վերցնել Փաշինյանի նախորդ ծրագիրն ու այն անցկացնել փաստացի իրականության պրիզմայով:

Իրականում այդ ինքը՝ Փաշինյանը, պետք է շահագրգռված լիներ հաշվետվություն ներկայացնել, կետ առ կետ: Բայց ի՞նչ ներկայացնի: Ստիպված մենք ենք ներկայացնում ու առաջիկայում այլ ոլորտների ևս կանդրադառնանք:

Ու այստեղ ծագում է մյուս հարցը. 5 տարի իր իսկ կառավարության գործունեության ծրագիրը չկատարած, որոշ դեպքերում կիսատ-պռատ կատարած, իսկ առանձին բլոկներով ծրագրածի հակառակն արած գործիչն ու ուժը ի՞նչ երեսով են նորից մարդամեջ ելնում, դեռ մի բան էլ՝ նորից մի 5 տարի իշխելու հայտ ներկայացնում: «Չալաղաջ» ինքնապարգևատրումնե՞րն են ուզում պահպանել: Ո՞նց էին ասում՝ «պետության համը» բերաննե՞րն է ընկել:

…Եթե որևէ մեկը շինարարների բրիգադ է վարձում, իսկ նրանք, բնակարանը վերանորոգելու փոխարեն, այն քարուքանդ են անում, ապա պատվիրատուն նրանց քշում է, այլևս այդ բրիգադի հետ գործ չի բռնում, իսկ առավել խստապահանջները նաև հատուցում են պահանջում ու ստանում:

Փաշինյանի «բրիգադը» երկրաքանդություն է արել: Իսկ պատվիրատուն, այսինքն՝ ժողովուրդը, ի՞նչ որոշում է կայացնելու, «բնակարանը» քարուքանդ արածներին նոր պատվեր տալ, թե՞…

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am