ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում խորհրդակցական մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից տեղեկանում ենք այդ մարմնի առաքելության մասին. «Միջկուսակցական եւ միջհանձնաժողովային համագործակցությունն ապահովելու նպատակով, մինչեւ 8-րդ գումարման ԱԺ լիազորությունների ավարտը ստեղծել հավասար վերաբերմունքի եւ հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմին»:
Այն կղեկավարի Հերիքնազ Տիգրանյանը, կանդամակցեն ՔՊ-ական պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաեւ՝ «Հայաստան» դաշինքից Արմենուհի Կյուրեղյանն ու Լիլիթ Գալստյանը։
Կյուրեղյանը երեկ մեզ ասաց, որ մարմինը ստեղծվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) շրջանակներում։ Արդեն մի քանի տարի է՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում փորձում է աջակցել ԱԺ պատգամավորների կարողությունների զարգացմանը եւ գիտելիքների բարձրացմանը՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի եւ այլ նախաձեռնությունների շրջանակներում, եւ այս մարմինը նշված ծրագրի շրջանակներում է։ «Մենք՝ խորհրդակցական մարմնի ներկայացուցիչներս, պետք է քննարկենք եւ ՄԱԶԾ-ին ներկայացնենք, թե որ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտում որ գործիքներն առավել արդյունավետ կլինեն պատգամավորների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար, այսինքն, մենք պետք է խորհուրդ տանք, թե ինչ ծրագրերի վրա կարելի է ավելի շատ ուշադրություն դարձնել»,- ասաց Կյուրեղյանը՝ նշելով, որ այն գործելու է ընդամենը մի քանի ամիս` հաջորդ խորհրդարանը ձեւավորելուց հետո նորընտիր պատգամավորները կընդգրկվեն։
